Խորհրդարանական ընթացիկ քառօրյայի մեխը դարձած հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
–Կարո՞ղ ենք արձանագրել, որ հայ–ռուսական միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը որեւէ առնչություն չունի Ղարաբաղյան հակամարտության հետ՝ զորախումբն անելիք չի ունենալու ադրբեջանական հնարավոր հարձակումը կասեցնելու հարցում։
-Սկսենք նրանից, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության թիվ 1 գործոնն է երեւի թե։ Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում՝ եթե այդ գործոնը չլիներ, Թուրքիան ու Ադրբեջանն իրենց շատ ավելի ագրեսիվ էին պահելու մեր նկատմամբ։ Այսինքն՝ սա կայունացնող գործոն է։
Երկրորդ՝ շատ կարեւոր է հասկանալ, որ հայ-ռուսական ռազմական համագործակցության առաջնահերթ խնդիրը Թուրքիան է։ Մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է ժողովրդին կարողանանք բացատրել, որ Ռուսաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ տարբեր ձեւաչափերով ռազմական համագործակցությունն ուղղված է նախ եւ առաջ հայ-թուրքական սահմանի պաշտպանությանը։
Թուրքիան բորենի պետություն է, բազմիցս ապացուցել է՝ եթե դիմացը չկա ուժ, որը նրան զսպում է, միշտ անցնում է հարձակման։ Այդպես է եղել 1974թ., երբ Թուրքիան ներխուժեց Հյուսիսային Կիպրոս, այդպես եղել է Իրաքի, Սիրիայի դեպքում։
Այո, Հայաստանը եւ Թուրքիան ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական ներուժի տեսանկյունից համադրելի չեն, եւ միայն հայ-ռուսական ռազմական համագործակցությունն է զսպում Թուրքիայի նկրտումներն այս տարածաշրջանում։ Համատեղ ուժերով պահում ենք Թուրքիայի հետ սահմանը, իսկ հայկական բանակն զբաղված է այլ խնդիրներով՝ մեր հիմնական խնդիրն Ադրբեջանն է։ Այսինքն՝ այն ուժերը, միջոցները, որ «խնայում» ենք այդ ճակատում, ուղղվում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ։
Բացի դրանից, պետք է հասկանալ մի բան. մենք չենք կարող ակնկալել, որ Ռուսաստանը բացահայտ հայամետ դիրքորոշում որդեգրի Ղարաբաղի հարցում, այլապես կարող է հարց առաջանալ՝ Ռուսաստանը միջնո՞րդ է, թե՞ հակամարտության կողմ։ Եթե միջնորդ է, պետք է իրեն միջնորդի պես պահի, եթե կողմ է՝ կողմի պես։
–Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ունի Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագիր, որով ռուսական կողմը պարտավորվում է պաշտպանել մեր պետական սահմանները։ Այդ պարտավորությունը չպե՞տք է տարածվի է նաեւ հայ–ադրբեջանական սահմանի վրա։
-Իրենք ունեն պարտավորություններ, եւ այդ պարտավորությունները հստակ են։ ՀԱՊԿ պայմանագրում հստակ ամրագրված է, որ մենք նաեւ միջուկային «անձրեւանոցի» տակ գտնվող պետություն ենք, եւ Հայաստանի սահմանների վրա հարձակումը հարձակում է նաեւ ՀԱՊԿ-ի, այդ թվում՝ ՀԱՊԿ լոկոմոտիվ պետության՝ Ռուսաստանի նկատմամբ։
Ուղղակի այստեղ կան նրբություններ, որոնք քաղաքական շահարկումների տեղիք են տալիս։ Տեսեք՝ միառժամանակ առաջ Ադրբեջանը ռմբակոծում էր հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը։ Մեր գործընկերներն ասում են՝ որտե՞ղ էր ՀԱՊԿ-ը, ինչո՞ւ չէր միջամտում ադրբեջանական զինուժի սադրիչ գործողություններին։ Բայց կա ընթացակարգ։ Հայաստանը երբեք այդ հարցով չի դիմել ՀԱՊԿ-ին, ավելին՝ հայկական զինված ուժերը երբեք «տագնապ համար 1» չեն հայտարարել, որովհետեւ մեր բանակային երրորդ կորպուսը սեփական ուժերով լուծել է իր խնդիրները։ Այսինքն՝ դրա անհրաժեշտությունը չի եղել. եթե պետք լինի, կարող ենք դիմել ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով օգնություն։
–Ազգային ժողովի դատին ներկայացվեց եւս մեկ համաձայնագիր՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ, ըստ որի՝ Ռուսաստանը վերահսկողություն է իրականացնելու Հայաստանին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ դրա նպատակային օգտագործման նկատմամբ: Սա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմը չի կարող իր հայեցողությամբ օգտագործել այդ զենքը՝ ուղղել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա, օրինակ, Ղարաբաղյան ճակատ։
-Նման խնդիր չկա եւ չի կարող լինել։ Մտահոգության որեւէ պատճառ այստեղ չեմ տեսնում, ավելին՝ այն, ինչ գտնվում է մեր տարածքում, մեր հողում, մեր սեփականությունն է։
–Վստա՞հ եք, որ ստիպված չենք լինի թույլտվություն խնդրել Ռուսաստանից՝ մեր տարածքում գտնվող զենքը եւ ռազմական տեխնիկան օգտագործելու այնպես, ինչպես նպատակահարմար ենք գտնում։
-Իհարկե՝ վստահ եմ։ Եթե հիշում եք՝ «Իսկանդեր» համակարգերի մասին էլ ասում էին՝ դրա «պուլտը», ծածկագիրը Մոսկվայում է, եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում հարցնել՝ ո՞վ ասաց, թե դա «պուլտով» է աշխատում կամ ծածկագրերով, եւ ո՞վ է տիրապետում այդ տեխնիկային։
Հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների բնույթն այնպիսին է, որ որեւիցե մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ՝ հայկական զինված ուժերը ԼՂՀ անվտանգության երաշխավորն են, եւ այն հնարավորությունները, որ գտնվում են մեր զինուժի տրամադրության տակ, հարկ եղած դեպքում ամբողջովին նետվելու են Լեռնային Ղարաբաղ՝ ԼՂՀ բնակչությանը եւ սահմանները պաշտպանելու համար։ Դա բոլո՛րը գիտեն։
Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում