Զավեշտալի իրավիճակի առաջ են կանգնել մեր իրավապահները։ Պարզվում է՝ գողություններ կատարվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակարաններից, աշխատավայրերից, այլեւ անգամ քրեակատարողական հիմնարկներից, իսկ որ առավել աբսուրդ է՝ «կագեբեի» շենքից։
Պարզվում է՝ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով մեղադրյալ Սուրեն Երեմյանին՝ Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբորը, ձերբակալելուց հետո տեղափոխել են ԱԱԾ եւ այնտեղ խուզարկության արդյունքում, մինչ կալանավայրի խուց տանելը, առգրավել են նրա մոտ եղած ողջ ոսկեղենը, գումարը, թանկարժեք իրերը։ Դրանք, ըստ կարգի, պետք է պահվեին ԱԱԾ սեյֆում, սակայն պարզվում է՝ կորել են։ Հայտնաբերելով կորուստը, քրեական գործ են հարուցել, այդ օրվա պատասխանատու ԱԱԾ աշխատակցին նախ ազատել են աշխատանքից, ապա մեղադրանք առաջադրել։ Հետագայում նա թեեւ հայտնվել է ամբաստանյալի աթոռին, սակայն վաղեմության ժամկետի պատճառով որեւէ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ թանկարժեք իրերն այդպես էլ չեն գտնվել։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ծանոթացանք այս ուշագրավ գործի մանրամասներին։ Սուրեն Լյովայի Երեմյանը 20.03.2015թ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ։ Նույն օրը կատարվել է Սուրեն Երեմյանի անձնական խուզարկությունը, որի համար պատասխանատու հերթապահ Էմիլ Սիմոնյանը կազմել է արձանագրություն։ Խուզարկությամբ Երեմյանի մոտից հայտնաբերվել է ընդհանուր՝ 896 հազար ՀՀ դրամ արժողությամբ գույք եւ գումար՝ 200 հազար ՀՀ դրամ արժողությամբ «Ռադո» ֆիրմայի ձեռքի ժամացույց, 200 հազար ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանի եւ 496 հազար ՀՀ դրամ գումար։
Էմիլ Սիմոնյանը, հայտնաբերված գույքն ու գումարը տանելով քրեակատարողական հիմնարկի հերթապահ մաս, ծրարավորել է այդ ամենը, սակայն, ըստ մեղադրանքի, ժամացույցն ու մատանին չի պահպանվել ՔԿ հիմնարկի սեյֆում, իսկ կանխիկ գումարը կալանավորի անձնական հաշվին չի փոխանցվել։
Նա հայտնաբերվածը ծրարավորված վիճակում դրել է ՔԿ հիմնարկի հերթապահ մասի պատուհանագոգին, թողել առանց հսկողության, որն էլ չպարզված հանգամանքներում հափշտակվել է։ 2015 թ. մայիսին Սուրեն Երեմյանն ազատվել է կալանքից, սակայն իրերը նրան չեն վերադարձվել, եւ, ըստ ամենայնի, նա չի էլ բողոքել։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում