Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ տարօրինակ մի երևույթ խորհրդարանում. «Ժամանակ»

Հոկտեմբեր 06,2017 10:37

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի խորհրդարանական քննարկումը վերածվեց Հայաստանի իշխանության հոգեբանական ախտորոշման՝ վկայելով, որ այդ իշխանությունը, որպես այդպիսին, որպես ինստիտուտ, որը կրում է պետական կառավարման լծակներ, պատրաստ չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը: Խորհրդարանում տեղի ունեցած քննարկումը և միացյալ զորախմբի, այսպես ասած, օգտին բերվող փաստարկները վկայեցին այդ ամենը: Որովհետև այդ փաստարկները ոչ թե այն մասին էին, որ Հայաստանը կարողացել է, Հայաստանը հաջողել է, հասել է, ապահովել է, ստեղծել է, նախաձեռնել է և այլն, այլ որ Հայաստանը չի կարող, Հայաստանը թույլ է, տկար է, որ առանց Ռուսաստանի պաշտպանության Հայաստանը կուլ կգնա Թուրքիային, ինչը նշանակում է նաև Ադրբեջանին:

Դժվար է պատկերացնել մի պետության խորհրդարան, որտեղ հենց այդպիսի «փաստարկներով» փորձեն պետական շահ պաշտպանել և այդ համատեքստում ներկայացնել որևէ նախաձեռնություն՝ լինի այն միացյալ զորախմբի, թե միացյալ նվագախմբի մասին: Ու խնդիրը բոլորովին այն չէ՝ Հայաստանն իսկապես կարող է, թե չի կարող: Իհարկե, որևէ մեկը անմտություն, միամտություն կամ անմեղսունակություն չի կարող ունենալ ասելու համար, որ Հայաստանն իր ռեսուրսներով ինքնուրույն ի զորու է դիմագրավել Թուրքիային: Սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Հայաստանը կնքում է միջպետական կարևորագույն համաձայնագիր, վավերացնում այն խորհրդարանում, և այդ վավերացման գործընթացում այդ պայմանագիրը ներկայացվում է ոչ թե Հայաստանի ձեռքբերման, այլ խեղճության համատեքստում, ճար չունենալու, ելք չունենալու համատեքստում: Եվ, ընդ որում, խորհրդարանական մեծամասնությունը՝ այն խորհրդարանի, որն այլևս դառնում է կառավարման ներկայացուցչական թիվ մեկ օրգանը, այդ մասին հայտարարում է հպարտությամբ:

Այդ ամենը վկայեց, որ ներկայիս խորհրդարանի մեծամասնությունը գործնականում պատկերացում անգամ չունի անվտանգություն հասկացությունից, դրա ընդգրկումից, ժամանակակից աշխարհում, միջազգային ներկայիս հարաբերություններում դրա բաղադրիչներից, դրա՝ այսպես ասած գնահատման չափանիշներից, նշաձողերից, կարևոր կառույցներում և աշխարհաքաղաքական կենտրոններում ընկալման ելակետերից: Հակառակ պարագայում, խորհրդարանական մեծամասնությունը հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի «փաստարկը» չէր կառուցի Հայաստանի անճարակության և խեղճության վրա, այն էլ՝ դա անելով հպարտությամբ:

 Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031