Եթե մարդը սպանում է կենդանիներին կամ թռչուններին՝ պարզապես զվարճանալու, դրանից հաճույք ստանալու համար, ուրեմն, ինձ թվում է, նա հոգեկան խնդիրներ ունի: Օրինակ՝ նրան մանուկ ժամանակ չեն սիրել, կամ դասարանցիները նրան ծաղրել են, եւ նա հասուն տարիքում ինքնահաստատվելու այլ ձեւ չի գտել, քան հենց այնպես կրակելն ու արյուն թափելը:
Իսկ որ դա հենց ինքնահաստատվելու ձեւ է, ապացուցում է այն հանգամանքը, որ բոլոր, այսպես կոչված, «որսորդները» սիրում են լուսանկարվել իրենց զոհի հետ: Այսինքն՝ իրենց քիչ է պարզապես սպանելը, նրանց պետք է նաեւ դրանով պարծենալ, դա ցուցադրել, դրա մասին պատմել ճշմարիտ եւ սուտ պատմություններ: Պատահական չէ, որ կա հատուկ ժանր՝ որսորդական պատմություններ, երբ այդ «մասնագիտության» մարդիկ հավաքվում են խարույկի շուրջը եւ սկսում են գլուխ գովել՝ «ես այսքան առյուծ (արջ, բադ, լոր) եմ սպանել», «իսկ ես՝ այնքան»:
Լուսանկարվել քո կամ ուրիշի կողմից սպանված կամ պարզապես սատկած արյունոտ լեշի հետ՝ դա նույնպես, իմ կարծիքով, որոշակի պաթոլոգիայի դրսեւորում է: Այսինքն՝ ի՞նչ, դու հաղթե՞լ ես նրան, դու ավելի ուժե՞ղ ես, կարողացել ես դա ապացուցե՞լ: Չգիտեմ, թե ի՞նչ է այս դեպքում նախատեսված օրենսդրությամբ, բայց ինձ թվում է՝ սա նույնպես կենդանի բնության նկատմամբ դաժան, ցինիկ, անմարդկային վերաբերմունքի դրսեւորում է:
Սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարված գյուղապետի դեպքում այդ ամենը զուգակցվում է ազգային, ավելի ճիշտ՝ ազգային-ազատագրական մոտիվներով: Ըստ նրա՝ այդ անգղերը եկել, հասել են Հայաստան Թուրքիայի կողմից եւ հետեւաբար միանգամայն արժանի են նման վերաբերմունքի: Նախ՝ դա ճշգրիտ տեղեկություն չէ. բնապահպանության նախարարը երեկ վկայեց, որ այդ թռչունները տարածված են նաեւ Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում:
Բայց առավել կարեւորն այն է, որ մարդկանցից բացի, ոչ մի կենդանի արարած՝ սկսած մեղուներից եւ վերջացրած առյուծներով, ազգություն չունի: Հետեւաբար հոգեպես առողջ մարդը չի կարող որեւէ կենդանի էակի նկատմամբ ազգային հողի վրա «թշնամանք» կամ «բարեկամություն» զգալ:
Ընդհանրապես, կենդանական աշխարհի ներկայացուցիչներին մարդկային գծեր վերագրելը, կարծում եմ, հատուկ է հազարամյակներ առաջ ապրող նախամարդու աշխարհայացքին: Այո, կենդանին կարող է լինել ագրեսիվ, կարող է քեզ վրա հարձակվել, կարող է քեզ վնաս տալ: Բայց դա չի նշանակում, որ նա քո նկատմամբ թշնամանք ունի: Առավել եւս՝ ազգային:
…20-րդ դարի մեծագույն հումանիստներից մեկը՝ Ալբերտ Շվեյցերը, գերադասում էր նստել տոթ սենյակում, քան բացել պատուհանը եւ նպաստել, որ թիթեռները թռչեն իր սենյակ եւ այրեն իրենց թեւերը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«ազգային -ազատագրականը» լաւն էր 🙂
Ինձ համար միշտ տարօրինակ մարդիկ են եղել որսորդները: Լաւ, դուք ուրիշ հետաքրքրութիւն չունէ՞ք: Մի՞թէ բանական մարդը կարող է հաճոյք ստանալ ԱՆՄԵՂ կենդանիներ սպանելուց, երբ նրանք քեզ ընդհանրապէս չեն խանգարում:
Անցած ամիս Հայաստանում էի: Գնացինք մեր գիւղ՝ Շամշադին: Մի ամլիկ գառ ճարեցին, որ մորթենք, քեֆ-ուրախութիւն անենք: Եւ դա նորմալ է. միս ուտելը մեր մշակոյթի/խոհանոցի անբաժան մասն է: Ի դէպ, արտակարգ համեղ միս էր: Բայց գառը մորթելիս մի 5 րոպէով հեռացայ: Չկարողացայ նայել՝ հաճելի չէ (նշեմ, որ տեղը եկած ժամանակ շատ շատերից աւելի վայրենի ու բիրտ կարող եմ լինել՝ այդ թւում կենդանիների նկատմամբ):
Ես ապրում եմ Գերմանիայում՝ քաղաքային մեծ այգու հարեւանութեամբ: Մեր բակում ամէն օր կարելի է տեսնել սկիւռիկ, ոզնի, նապաստակ, շուն, կատու, կուղբ, աղաւնի, բադ:
Մենք վայելում ենք նրանց ներկայութիւնը: Ոչ մէկի մտքով չի անցում դրանց որսալ: Յիշում եմ՝ մի անգամ մի բրազիլացի ու հնդիկ ծանօթ ինձ ասացին, որ իրենց երկրներում դա հնարաւոր չէ տեսնել, որովհետեւ անմիջապէս կ’որսային: Նոյնն էլ քիչ թէ շատ մեզ մօտ է:
Մենք ու բազմաթիւ այլ ազգեր դեռ չենք հասել այդ գիտակցութեանը:
պարզ է, գերմանացի ազգը աշխարհի ամենածանօթն է որպէս կենդանի էակների երբեք վնաս չբերելու խորուկ գիտակցութեան տէր, նուրբ ու խաղաղապաշտ հաւաքականութիւն…
Լիովին համամիտ եմ հեղինակի կարծիքին:
Խորհուրդը սա է, այսօրվա աշխարհի տերերը՝ ուզում է անգղիացի լինի թե նրա կամակատարները Հեռավոր Արեւմուտքում կամ աշխարհի ցանկացած վայրում՝ այդ թվում նաեւ հայ երկրում, հայ Օրենքին դեմ գնացողին հայ Գյուղապետի նշանառության տակ են։
Մենք միշտ լսել ու կարծել ենք թե քաղաքակիրթ, խելացի ազգ ենք, շատերից բարձր: Դա խորապես այդպես չէ: Մեզնից ցածրեր էլ կարելի է գտնել, իհարկե, բայց դրանով սխալ է մխիթարվել: Իսկ մեր շտկվելու շատ արագ ու պարզ ձեւը կա, ես հիմա կասեմ, բայց լսողները չեն գտնվի՝ հենց վերը նշված սխալ համոզմունքի պատճառով: Դրա համար հեռու գնալ պետք չէ: Վերը գրված 1- ին կոմենտից ելնելով, մեզ հարկավոր է գնալ, ասենք՝ հենց Գերմանիա: Աղաչելով, քամակները պաչելով, ցանկացած աշխատավարձ ու իրավունքներ տալով, հարկավոր է մի քանի հոգու համոզել բերել որ ղեկավարեն, ասենք՝ մեր ոստիկանությունն ու դատարանը, մեր բնաքանդության նախարարությունը, մեր հարկայինն ու մաքսայինը եւ այլն: Ինչքան շատ ճյուղեր, այնքան շուտ կտեսնենք առաջընթացը:
Սա հումոր չէ՝ այլ պատմականորեն բազմաթիվ անգամներ արդարացված մոտեցում – փոքր ի շատե գրագետ մարդիկ կարող են գտնել բազմաթիվ նման օրինակներ: