Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի գործը չի կարելի «արգելափակել» (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 06,2017 15:00

Արաբկիր համայնքի Ավետիս Ահարոնյանի փողոցի «Բիլայն» գրասենյակում պահպանություն իրականացնող ոստիկանը դուրս գալով շենքից, մոտենալով՝ դիմեց լրագրողիս, ասելով՝ «չի կարելի լուսանկարել»: Իսկ ես լուսանկարում էի շենքի պատը:

Երեւանը պատրաստվում է նշել իր տոնը: Իսկ քաղաքի բացառիկ եւ տարածաշրջանում էլ միակ մոնումենտալ խճանկարն այս պատին հայտնվել է խորհրդանշական 1977թ.-ին: Հնաբնակ արաբկիրցիներից մեկը նույնիսկ հիշեց խճանկարի էսքիզի հեղինակին՝ նկարիչ Հրայր Կարապետյանին:

 

Խճանկարն ամբողջությամբ նկարել ինձ չհաջողվեց. նախ խանգարում էին դիմացի անխնամ ծառերը, ապա «Կյանքն է ուրախ, երբ միասին ենք» պաստառը, որի ետեւում արգելափակվել է խճանկարի լավագույն կեսը:

Էսքիզի հեղինակը մահացել է 2013թ-ին:

 

Նկարչի որդին՝ Արմեն Կարապետյանը, որը բնակվում է Լոնդոնում եւ նույնպես նկարիչ է (նրան գիտեն Armen K Kay-ով), «Առավոտից» տեղեկանալով խճանկարի վատթար վիճակի մասին, ասաց, որ երբ հայրիկի հուղարկավորման հետ կապված չորս տարի առաջ եղել է Հայաստանում, նա այցելել է «Բիլայնի» ներկայիս գրասենյակը, տեսել, թե ինչ վիճակում է արվեստի գործը: Ի դեպ, նա ինքն էլ աշխատել է հոր կողքին՝ խճանկարի պատրաստման ժամանակ:

Արմեն Կարապետյանն ասաց, որ խճանկարը կյանքի է կոչվել հոր, նկարիչներ Կարապետ Եղիազարյանի, Վաղինակ Մանդակունու եւ Խաչատուր Գյուլամիրյանի շնորհիվ:
Նման խճանկար պատ կա նաեւ ՌԴ Ռյազան քաղաքում, երկու անգամ մեծ է հայաստանյանից եւ դարձյալ հեղինակը Հրայր Կարապետյանն է:


Արմեն Կարապետյանը դիմել է գրասենյակի պատասխանատուներից մեկին, խնդրել, որպեսզի հանվի թե պաստառը, եւ թե մաքրվի շենքի ողջ տարածքը:
«Դժբախտաբար, երկար չմնացի Հայաստանում, իսկ շենքի նոր տերերն էլ ոչինչ չեն ձեռնարկել»,-ասում է զրուցակիցս:
Հրայր Կարապետանի երեսունից ավելի գրաֆիկական աշխատանքներ կան ազգային պատկերասրահում: Պատկերասրահի նախկին տնօրեն, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը նկարչին նվիրված ֆիլմում ասում է, որ գրաֆիկական աշխատանքների ցուցադրման ժամանակ անհնար է Վարպետի ստեղծագործությունները չներկայացնելը: Նկարիչը ձեւավորել է մանկական մի շարք գրքեր, նրա անունը կապված է նաեւ տասնյակ ֆիլմերի՝ «Գոհար Գասպարյան», «Նվագախմբի տղաներ», «Բարեւ ես եմ»… հետ:
Երեւանի տոնին ընդառաջ կարելի է հուշատախտակ կպցնել պատին՝ խճանկարը հեղինակած նկարիչների անուններով, մաքրել տարածքը, իսկ «Բիլայնի» հարգարժան պատասխանատուներին հորդորել ցուցապաստառը հանել, որպեսզի երեւա նրա տակ տարիներով «արխիվավորված» ստեղծագործությունը:

ՀՍՍՀ Կապի Գիտահետազոտական ինստիտուտ է եղել


ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

05.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Երեւանում ոստիկաններ ինձ արգիլել են լուսանկարել՝
    . դատարանը (դրսից, մուտքը միայն, եւ գործի ժամերից ետք, ամայի վիճակում),
    . մեթրոյին մէջ ընտանիքս, շարժուն աստիճաններին վրայ
    . շուկայ մը

    անկէ ետք, հրաժարեցայ ջանալ քաղաքը լուսանկարելէ

    (հետաքրքիր է որ պատերազմական տարածքաշրջանում, Ստեփանակերտ, երբեք այդպիսի բան չի եղել, ամէն մարդ ազատօրէն լուսանկարում է ամէն բան…)

Պատասխանել