ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը հայկական պատվիրակության համար առանց միջադեպերի չի ընթանում
Հոկտեմբերի 3-ին մեկնարկած նստաշրջանի աշխատանքների շրջանակներում անցկացված Միջերկրական ծովի ֆորումի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի պատվիրակների միջեւ: Այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ելույթ է ունեցել եւ ներկայացրել փախստականների խնդիրն ու այն, որ տեղահանված անձանց ալիքը Հայաստանում ավելացավ արդեն գոյություն ունեցող փախստականների մեծ թվին, որոնք ունեցել ենք Արցախյան պատերազմից հետո, երբ ԼՂ ժողովրդի ինքնորոշման արդար պահանջի նկատմամբ ադրբեջանական կառավարությունն ամենաբարբարոս ձեւով պատերազմ բացեց, եւ հսկայական զոհեր եղան, արձագանքել է ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկը:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Նաղդալյանը կատարվածի վերաբերյալ մանրամասնեց. «Ներկայացրի Հայաստանը՝ որպես Սիրիայից տեղահանված անձանց, փախստականների ընդունման գծով երրորդ երկիր՝ մեկ շնչին ընկնող փախստականների գծով, քանի որ 20 հազարից ավելի փախստական է ընդունել Հայաստանը՝ ստեղծելով բոլոր պայմանները: Մենք ներկայացրինք, որ տեղահանված անձանց այս ալիքը Հայաստանում ավելացավ արդեն գոյություն ունեցող փախստականների մեծ թվին, որոնք ունեցել ենք Արցախյան պատերազմից հետո, երբ ԼՂ ժողովրդի ինքնորոշման արդար պահանջի նկատմամբ ադրբեջանական կառավարությունն ամենաբարբարոս ձեւով պատերազմ բացեց, եւ հսկայական զոհեր եղան: Ադրբեջանցիները փորձեցին ինչ-որ արձագանք կազմակերպել շատ անշուք, համեստ՝ այն պնդումով, թե մենք էլ ունենք մեկ միլիոն փախստականներ: Մտքներին ինչ եկավ, հանպատրաստից հայտարարեցին»: Տիկին Նաղդալյանը հավաստիացրեց, որ այդ հայտարարությունը լայն լսարանի կողմից արձագանքի չարժանացավ:
ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ վեհաժողովի աշնանային նստաշրջանի առանձնահատկությունն այն է, որ փաստաթղթեր, որոշումներ չեն ընդունվում, այլ կատարվում են լսումներ, քննարկումներ նախապես ընտրված թեմաներով, որոնք կարեւորություն ունեն ԵԱՀԿ տարածաշրջանի ժողովուրդների համար:
Այս նստաշրջանին հայկական պատվիրակությունը մասնակցում է ավելի մեծ կազմով` ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, «Ելք»-ից՝ Արարատ Միրզոյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Տիգրան Ուրիխանյանը եւ պատվիրակության քարտուղար Անահիտ Գասպարյանը: Անդրադառնալով պատվիրակության վարած քաղաքականությանը` տիկին Նաղդալյանը նշեց. «Մեր աշխատանքները կազմակերպում ենք այնպես` բոլոր այն թեմաներին, որ արձագանքում է եվրոպական ընտանիքը, մեր ասելիքը կարողանանք ունենալ դեբատների միջոցով, մեր գործընկերների հետ բանավեճերին մասնակցելով: Տարածաշրջանային մարտահրավերներին անդրադարձավ Կարեն Բեքարյանը, կիբերանվտանգությանը վերաբերող քննարկմանը ելույթ ունեցավ Տիգրան Ուրիխանյանը: Ելույթներ ենք ունենալու նաեւ էկոլոգիական անվտանգության խնդիրներին վերաբերող քննարկմանը»:
Տիկին Նաղդալյանի հավաստմամբ` պատվիրակության քաղաքականությունն է ոչ թե պարփակվել հայ-ադրբեջանական հարաբերություններում կամ բանավեճի շրջանակներում, այլ լինել եվրոպական ընտանիքի խնդիրներին համահունչ, քննարկումներում լինել ակտիվ ու ներկայացնել դրանց վերաբերյալ մեր ժողովրդի տեսլականը:
Ըստ պատվիրակության ղեկավարի` իրենք ունենում են նաեւ առանձին հանդիպումներ պատվիրակությունների հետ. «Հանդիպել եմ նաեւ Քրիստին Մուտոնենի հետ, քննարկել ենք հոկտեմբերի վերջին Երեւան` նրա այցին վերաբերող խնդիրներ: Անդրադարձ է եղել նաեւ Քրիստիան Վիգենինի այցին, քանի որ այն բացառիկ էր. նա հանդիպել է ԼՂՀ ներկայացուցիչների հետ, մինչդեռ տասը տարուց ավելի է՝ ԵԱՀԿ ներկայացուցիչները չէին հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Նրա այցի ընթացքում շեշտադրում է եղել այն մասին, որ ԼՂ հակամարտությունը տարածաշրջանային վեճ չէ, այլ ազգային ինքնորոշման պայքարի օրինակ»:
Տիկին Նաղդալյանը նաեւ տեղեկացրեց, որ նախատեսված է ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հավանաբար Վիգենինը կներկայացնի նաեւ Արցախ այցելության արդյունքները, թալիշեցիների հետ հանդիպման տպավորությունները, որի ընթացքում Վիգենինին պատմել են ադրբեջանական վայրագությունների մասին:
Մեր այն հիշեցմանը` Վիգենինը լուրջ դժգոհություններ է ունեցել այն առումով, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իր հայտարարությունները խեղաթյուրել են, արդյոք այդ խնդրին անդրադարձ եղե՞լ է նստաշրջանի ընթացքում, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Պարոն Վիգենինը փորձառու դիվանագետ է. եղել է Բուլղարիայի ԱԳ նախկին նախարարը: Եթե դժգոհություն ունենար էլ, դժվար թե բարձրաձայներ»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
05.10.2017