Չորս տարի առաջ փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վ.Հակոբյանը Սահակ Հակոբյանի եւ նրա ընտանիքի անդամների անվամբ անշարժ գույքի վրա կալանքի որոշում է կայացրել:
Խոսքը մի տաղավարի մասին է, որը համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Նոր Նորքի 5-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանի՝ Ս.Հակոբյանի մասնաբաժնի վրա: ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ապրիլյան պատերազմին կամավորագրված Սահակ Հակոբյանի նկատմամբ տարիներ առաջ հարուցվել էր քրեական գործ, նրան մեղադրել էին, որ 1989-1993թթ. մասնակցելով ՀՀ սահմանների պաշտպանությանը, չի վիրավորվել, սակայն որպես հաշմանդամ ազատամարտիկ զինվորական կենսաթոշակ ստանալու եւ այլ իրավունքներից օգտվելու նպատակով՝ 2000թ. մայիսի 25-ին ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքից խաբեությամբ ձեռք է բերել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում հրետանային արկի պայթյունից «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ տեղեկանք, ապա ներկայացնելով այն՝ հետազոտվել է տարբեր բժշկական հիմնարկություններում: Ըստ մեղադրանքի, նա իբր օգտվել էր հաշմանդամ զինծառայողների համար օրենքով նախատեսված իրավունքներից, ՀՀ պաշտպանության նախարարությունից խաբեության եղանակով, խարդախությամբ, ուղղակի դիտավորությամբ հափշտակել է 5.954.498 ՀՀ դրամ գումար:
Սահակ Հակոբյանը, սակայն, 2015թ.-ին արդարացվել է փորձառու դատավոր Դավիթ Հարությունյանի դատավճռով՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը վճռել էր «գույքի վրա դրված կալանքը վերացնել»: Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողել է անփոփոխ:
Առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել պատերազմի տարիներին Ս.Հակոբյանի վիրավորում՝ «կոնտուզիա» ստանալու հանգամանքը: Սահակ Հակոբյանն ունի «Մարտական Ծառայության Մեդալ» շքանշան, արժանացել է ՀՀ ՊՆ նախարարի, ԵԿՄ վարչության նախագահի շքանշանների, պատվոգրերի:
Դատարան ներկայացված բուժփաստաթղթերի համաձայն, Սահակ Հակոբյանը տառապում է «Մնացորդային երեւույթներ տարած գանգուղեղային վնասվածքից հետո հետկոնտուզիոն համախտանիշ, հետտրավմատիկ էնցեֆալոպատիա» հիվանդությամբ, ինչը հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ կայուն խանգարում եւ նշված հիվանդությունը պատճառական կապի մեջ է գտնվում նրա՝ ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելու հետ: Նա ճանաչվել է անաշխատունակ, նրա մոտ սահմանվել է 2-րդ կարգի հաշմանդամություն 2000 թվականին, որից յոթ եւ ավելի անգամ կրկնակի վերափորձաքննության է ենթարկվել: Նա «Առավոտին» տեղեկացրեց, որ մինչ օրս իր գույքի վրա դրված կալանքը չի փոխվել եւ նա չի կարողանում իր ապրուստի միջոցը հոգալ՝ տնօրինելով անգամ իր փոքրիկ տաղավարը:
Ռ. Մ.
«Առավոտ»
05.10.2017