Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղ թե ուշ պետք է մտածել ցանկացած կոլեկտիվ երիտասարդացնելու մասին»

Հոկտեմբեր 06,2017 14:00

Ճանաչված խմբավար, պրոֆեսոր
Լեւ Կոնտորովիչը «քննում» է մեր արտիստներին

Նոր ժամանակներում առաջին անգամ Երեւանում է «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Լեւ Կոնտորովիչը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ճանաչված մաեստրոն հիշեց խորհրդային տարիներին հայաստանյան եւ ռուսաստանյան երգչախմբերի ոչ միայն հաճախակի փոխայցելությունները, այլեւ համատեղ ելույթները: Լեւ Կոնտորովիչի խոսքերով՝ հայերն ունեն երգչախմբային հիանալի դպրոց. «Վերջերս էլ Մոսկվայում ներկա էի Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ ձեր կապելլայի համերգին, որի կատարումներով ժամանակին բազմիցս հիացել ենք… Հավանաբար ունեք նաեւ երիտասարդ կոլեկտիվներ, որոնց հասկանալի պատճառով դեռ ծանոթ չեմ, բայց կասկած էլ չունեմ, որ բարձրարվեստ մշակույթ ու երգչախմբային ավանդույթներ ունեցող երկրում նրանք կպահեն նախկինում եղած բարձր նշաձողը: Բնականաբար, ծանոթ եմ հայ կոմպոզիտորական դպրոցին՝ Կոմիտասից մինչեւ Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան, Հարությունյան, Սարյան, Տերտերյան, Մանսուրյան… Պետք է կրկնվեմ, ասելով, որ ծանոթ չեմ ժամանակակից նոր հեղինակներին: Բայց դա այդքան էլ այդպես չէ. օրինակ, գուցե անուններ չեմ մտաբերում այս պահին, բայց նշեմ, որ առիթի դեպքում ականջիս հասել են մեկ-երկու կամերային երգչախմբերի, ինչպես նաեւ կոմպոզիտորների անուններ»:

Հարցին, թե շուրջ 25 տարի անց ի՞նչ առիթով է Երեւանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երեւանի ազգային օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով երրորդ օրն է՝ մասնակցում եմ թատրոնի երգչախմբի արտիստների ատեստացիային»: Կանխելով հաջորդ հարցը, պարոն Կոնտորովիչն ասաց. «Թեեւ ցանկացած ոլորտ կամ մասնագիտություն ունի իր բարդությունները, սակայն երգչախումբ ղեկավարելը մի այլ դժվարություն է իրենից ներկայացնում, այն էլ օպերային թատրոնի, որտեղ նաեւ պետք է երգչախմբի արտիստները խաղան: Բոլոր ժամանակներում, ինչպես եւ այսօր, օպերային թատրոնները հենվում են իրենց նվագախմբի ու երգչախմբի վրա, օրինակ՝ մեներգիչներ կարելի է հրավիրել, այն էլ մեր ժամանակներում: Պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել՝ աշխարհը ողողված է նրանցով: Իմիջիայլոց, խոսքս բարձրակարգ արտիստների մասին է: Իսկ երգչախմբի արտիստ չես հրավիրի, նման պրակտիկա չի եղել ու չի էլ լինի: Ինչ վերաբերում է Երեւանի ազգային օպերային թատրոնի երգչախմբի արտիստներին, ընդհանուր առմամբ տպավորությունը գոհացուցիչ է: Բայց միշտ էլ կարիք կա աշխատելու ու կատարելագործվելու… Շատ կարեւոր է, ես կասեի՝ անհրաժեշտ, որ երգչախմբի արտիստը՝ անկախ փորձերից, ինքնուրույն էլ աշխատի: Պատճառը ոչ միայն մեղեդին սովորելն է, այլեւ տիրապետումը օտար լեզուներին, հիմնականում իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, նայած խաղացանկում ինչ օպերաներ են ընդգրկված»: Մաեստրոն բարձր կարծիք հայտնեց նաեւ ատեստացիոն հանձնաժողովում ընդգրկված իր հայազգի գործընկերների հասցեին:


Ի վերջո երգչախմբի կատարողական արվեստի համար պատասխանատու է կոլեկտիվի ղեկավարը, այս դեպքում՝ երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը, Լեւ Կոնտորովիչը համակարծիք լինելով այս դիտարկմանը, ասաց, որ նոր-նոր է իր ծանոթությունը գլխավոր խմբավարի հետ, այն էլ՝ ատեստացիայի շրջանակներում, բայց մինչ ծանոթանալը նրա մասին լավ կարծիքներ է լսել ու այս կարճ ժամանակահատվածում էլ համոզվել դրանցում:

Մի հարց էլ ուղղեցինք մեր զրուցակցին, որը հուզում է ոչ միայն օպերային թատրոնի, այլեւ ընդհանրապես պետական կոլեկտիվների, հատկապես երգչախմբերի արտիստներին: Հարցրինք՝ վաստակած հանգստի՝ թոշակի անցնելը պատճա՞ռ է, որ արտիստը հրաժեշտ տա բեմին: Լեւ Կոնտորովիչը պատասխանեց. «Ես նման մի ոլորտ գիտեմ մշակույթում՝ դա պարարվեստն է: Բայց այստեղ էլ կարող ենք հիշել Մայա Պլիսեցկայային, որը երեւույթ էր… Համենայնդեպս, ես բալետի այլ արտիստի չեմ ճանաչում, որը այդքան երկար բեմում լիներ: Օպերային մեներգիչները, եթե նույնիսկ տարիքային առումով հրաժեշտ են տալիս թատրոնին, չեն թողնում բեմը: Ես գտնում եմ, որ երգչախմբի արտիստը, եթե նրա մոտ լավ վիճակում են ձայնային ապարատը, արտաքինն ու բեմական «որակները», նա կարող է իրեն թույլ տալ լինել բեմի վրա, շարունակել ստեղծագործել, բայց կա մի բայց՝ վաղ թե ուշ պետք է մտածել ցանկացած կոլեկտիվ երիտասարդացնելու մասին»:

Հետաքրքրվեցինք նաեւ մեր զրուցակցի ղեկավարած «Երգչախմբային երգեցողության վարպետներ» կոլեկտիվի գործունեությամբ: «2005թ. երգչախմբի ղեկավարն եմ, այդ ընթացքում բուռն է եղել մեր գործունեությունը ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Քաթարում ու Բուլղարիայում, եւ այլուր: Աշխատում ենք ժամանակն այնպես օգտագործել, որ հանդիսատեսին հաճախակի ներկայանանք նոր համերգային ծրագրերով: Դրանք տարբեր ժամանակահատվածների ու ոճերի երգչախմբային արվեստի խոշոր եւ փոքր ֆորմաների ստեղծագործություններ են, ինչպես նաեւ հոգեւոր: Համերգային գործունեությանը զուգահեռ, իհարկե, կարեւորում ենք նաեւ ձայնագրությունները: Նշեմ, որ իմ ղեկավարած կոլեկտիվի հետ հանդես են եկել մեծանուն շատ երգիչներ, իսկ երգչախումբը ղեկավարել եմ ոչ միայն ես, այլեւ հրավիրյալ դիրիժորներ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

05.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել