Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը չպետք է լինեն քրդական հանրաքվեի լեգիտիմության բացը լրացնողները կամ դառնան գործիք քրդերի ձեռքում

Հոկտեմբեր 06,2017 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը

– ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 2-ին տեղի էր ունեցել Վերլուծական խորհրդի քննարկումը փակ ձեւաչափում՝ «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե. ազդեցությունները տարածաշրջանի վրա» թեմայի շուրջ: Պարոն Մելիքյան, գիտենք, որ քննարկումը փակ էր, այնուամենայնիվ, Ձեր տեսակետը կուզենայինք իմանալ՝ ինչպիսի՞ն պետք է լինի պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այդ իրադարձության վերաբերյալ:

– Երեւանի այն արձագանքը, որ «ակնկալվում է, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները եւ նաեւ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից եւ հնարավորություններ կգտնեն լուծելու առկա հարցերը», արտացոլում է Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ներկայիս քաղաքական նպատակահարմարության վրա: Դեռեւս վաղ է խոսել անկախության ճանաչման կամ չճանաչման մասին: Քրդստանը չի անկախացել, եւ հնարավոր է, որ ապագայում այդպես էլ իրականություն չդառնա: Հայաստանը զգուշավոր է, քանի որ տեսնում է միջազգային հանրության բացասական արձագանքը եւ տրամադրվածությունը: Հասկանում է նաեւ, որ անվտանգային ողջ ճարտարապետությունը ու դերակատարների հավասարակշռությունը կարող են փոխվել եւ հանգեցնել նոր լարվածությունների՝ ի վնաս Հայաստանի: ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն դեմ խոսեցին հանրաքվեին, ինչպես նաեւ Իրաքը եւ հատկապես՝ Իրանն ու Թուրքիան: Մտավախություններն ու ռիսկերն ավելի շատ են, քան հնարավորությունները: Այսինքն՝ մի կողմից՝ փորձ է արվում իրացնել ինքնորոշման իրավունքը (որն, իմիջիայլոց, միջազգային իրավունքի ամրագրված, բայց ոչ բացարձակ սկզբունք է): Մյուս կողմից՝ մասնագետները շատ լավ գիտեն, որ միայն ինքնորոշման իրավունքով կամ հանրաքվեով անկախություն ձեռք չեն բերում, այն էլ՝ Մերձավոր Արեւելքում, որտեղ բոլոր դերակատարների շահերն ավելի շատ բախվում են, քան համընկնում:

Այս իրավիճակում Հայաստանը պետք է ծայրահեղ զգուշավոր լինի, թեեւ շատերը պնդում են, որ քրդական նկրտումները մեծ հնարավորություններ են բացում Հայաստանի համար: Ես չեմ կիսում երեւակայության եւ սխալ հաշվարկի վրա կառուցված այդ «լավատեսությունը», թեեւ մանեւրելու տեղ կա այստեղ: Արցախը եւս պետք է շատ զգույշ լինի նման վիճելի եւ զգայուն հարցերում: Այդուամենայնիվ, Ստեփանակերտը շտապեց հանդես գալ հանրաքվեն ողջունող հայտարարությամբ, իսկ Երեւանը դժվարությամբ կարող է համոզել, որ այս որոշումը Ստեփանակերտն ինքնուրույն է կայացրել: Պաշտոնական Երեւանը փորձում է մանեւրել Բաղդադի եւ Էրբիլի միջեւ, չի ցանկանում միջամտել, առավելություն տալ այս կամ այն կողմին, բայց միեւնույն ժամանակ ԼՂ-ի ողջույնի միջոցով ուզում է Իրաքյան Քրդստանին հասկացնել, որ ինչ-որ առումով դրական է տրամադրված, չի ցանկանում առաջ ընկնել դեպքերից եւ սպասում է Բաղդադի եւ Էրբիլի միջեւ բանակցությունների ավարտին կամ ընթացքին: Սխալ եւ անհեռատես կլինի կույր զուգահեռներ տանել քրդական անկախական նկրտումների եւ Արցախյան հիմնախնդրի միջեւ: Ի տարբերություն արցախյան երկու հանրաքվեի՝ քրդական վերջին հանրաքվեն ունի լեգիտիմության շատ մեծ պակաս, որը քրդական իշխանությունները ցանկանում են լրացնել այս կամ այն երկրից եկած թեկուզ մի փոքր դրական արձագանքով: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը չպետք է լինեն այդ լեգիտիմության բացը լրացնողները կամ դառնան գործիք քրդերի ձեռքում: Ավելին, Իրաքյան Քրդստանը նոյեմբերի 1-ին պատրաստվում է նախագահական ընտրությանը, եւ նշենք, որ հանրաքվեն անցկացվեց նաեւ այն պատճառով, որ Էրդողանի վաղեմի բարեկամ եւ գործընկեր Բարզանին կարիք ունի վերընտրվելու կամ իր տղային քաղաքական ժառանգությունը հանձնելու: Հանրաքվեն ծառայեց որպես քաղաքական մոբիլիզացիա ապահովող գործիք, ինչպես նաեւ Բաղդադի եւ միջազգային հանրության հետ քաղաքական առեւտուր անելու հաղթաթուղթ: Այս պայմաններում հայկական կողմը պետք է ձեռնպահ մնա ավելի թիրախային հայտարարություններից եւ պահի արդյունավետ չեզոքություն:

– Մեր հասարակությունում Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, ինչպես նաեւ Կատալոնիայի հանրաքվեն որոշակի դրական տրամադրություններ են առաջացրել: Աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող գործընթացները մեզանում անմիջապես կարծես պրոյեկտվում են Ղարաբաղյան հակամարտության հետ: Դա լա՞վ է, որ ցանկացած առիթ դրական է ընկալվում մեզանում:

– Պետք է տարբերել հանրային արձագանքը քաղաքականից: Հայաստանն անգամ Արցախի անկախությունը չի ճանաչում: Չի ճանաչում Հրվ. Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, չի ճանաչում Կոսովոյի կամ Հս. Կիպրոսի անկախությունը: Այդ երբվանի՞ց է Հայաստանը դարձել աշխարհի որեւէ կետում ծագած անջատողականության աջակից, առավել եւս, որ անջատողական շատ շարժումներ, այդ թվում եւ քրդականը, ասոցացվում են ահաբեկչական գործողությունների հետ: Իհարկե, հասարակության մեջ հոգեբանական եւ զգացմունքային տարբեր տարրեր կարող են լինել, քանի որ հանրությունը զգայական կապվածության մեջ է հայտնվում, երբ զուգահեռներ է տանում սեփական պատմության եւ անցած ճանապարհի հետ, ուստի համարում է, որ պետք է աջակցել: Սակայն քաղաքական տեսանկյունից ե՛ւ փորձագիտական, ե՛ւ քաղաքական շրջանակների համար պետք է առաջնային լինի քաղաքական նպատակահարմարությունը՝ հիմնված սառը հաշվարկի եւ համատեքստի վրա: Կարեւոր է հստակ տեսնել, թե ինչ վտանգներ կամ սպառնալիքներ է պարունակում այս կամ այն հայտարարությունը կամ դիրքորոշումը, եւ շարժվել բացառապես սեփական շահերից դրդված: Երեւանը պետք է շարունակի լինել զուսպ-սպասողական, իսկ էյֆորիան, որ կա հասարակության մեջ, անցողիկ է: Կան նաեւ փորձագետներ, որոնք համարում են, որ Հայաստանը կարող է լուրջ դերակատարություն եւ մասնակցություն ունենալ այդ հարցում: Մեծ եւ հզոր խաղացողներ են ներգրավված այդ գործընթացում, շահերի մեծ բախումներ կան, եւ ամենակարեւորը թերեւս այն է, որ կան նավթագազային եւ ռազմատեխնիկական շահեր, իսկ այդ շահերը հաճախ անողոք են, եւ բարդ, եթե ոչ՝ անհնարին է դառնում այդ շահերին զուգահեռ վարել սեփական անկախ քաղաքականությունը՝ ունենալով նաեւ սահմանափակ ռեսուրսներ: Կարծում եմ, որ պաշտոնական Երեւանի զգուշավորությունն արդարացված է, ինչին նպաստում են նաեւ Հայաստանի ներքաղաքական բեռը եւ անվտանգային հարցերը, իսկ ԼՂ-ն պետք է առավել եւս զուսպ լինի եւ զերծ մնա անջատողական կամ ինքնորոշման համար պայքարող ամեն մի միավորին աջուձախ ողջունելուց: Հակառակ դեպքում նույն տրամաբանությամբ Ստեփանակերտը պետք է ճանաչի չեչենների պայքարի լեգիտիմությունը, Հյուսիսային Կիպրոսի թուրքերի անկախական նկրտումները եւ այլն: Արդյո՞ք սա երկակի ստանդարտների կիրառում չէ: Այո՛: Դեռ ավելին, միջազգային հարաբերություններում պետք է կիրառել մի շարք ստանդարտներ՝ սպասարկելու երկրի շահերը: Հակառակ դրան՝ անօտարելի են երկրի ներսում մարդու իրավունքի պաշտպանությունը, քաղաքացու ազատությունների հարգումը եւ յուրաքանչյուրի բարեկեցությունը, որոնք պետք է դիտարկվեն միայն մեկ ստանդարտի ոսպնյակով: Այսինքն՝ ներքին քաղաքականության մեջ՝ արդյունավետ ժողովրդավարություն եւ ազատություններ, իսկ գլոբալ քաղաքականության մեջ՝ ստանդարտների բազմազանություն ըստ նպատակահարմարության:

– Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի օրակարգը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով ՄԱԿ-ում Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը, որում նա արձանագրեց, որ կողմերը դեռ շատ հեռու են խաղաղությունից, իսկ ավելի վաղ՝ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում նշեց, որ ստեղծվել է մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում, ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը: Մենք Արցախի միջազգային ճանաչման օրակարգ պետք է ունենա՞նք, թե՞ պատրաստվենք պատերազմի:

– Ինձ թվում է՝ հայկական կողմը վստահ է կամ հուսով է, որ գերտերությունները թույլ չեն տա լայնածավալ պատերազմ: Այս պայմաններում սահմանային բախումները եղել են եւ կլինեն, իսկ քաղաքական գործիչները ռազմահայրենասիրորեն համարում են անգամ, որ այս կիսապատերազմական (կամ պատերազմական) վիճակում «նորմալ է», որ սահմանին զինվորներ են մահանում: Այս վիճակն օդից չի եկել, եւ այս դիրքորոշումը չափազանց վտանգավոր է եւ մերժելի, առավել եւս, որ հնարավոր չէ հավերժ ձգել ստատուս քվոն: Չնայած ապրիլյան պատերազմին՝ Ադրբեջանը խուսափում է ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ մի շարք, այդ թվում եւ՝ հայկական բանակի մարտունակության պատճառով: Իրավիճակը կարող է փոխվել ցանկացած տարածաշրջանային կամ ներքին զարգացման արդյունքում, ինչը կարող է անդառնալիորեն փոխել տարածաշրջանային հավասարակշռությունը՝ հօգուտ կատարյալ քաոսի: Երբ խոսվում է փոխզիջումների գնալու դիրքորոշման կոշտացման մասին, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը սկսել է ձգտել ստանալ ավելին, քան նախկինում: Ադրբեջանի ախորժակը «բացվել է»: Բայց բանակցային գործընթաց ինքնին նշանակում է քննարկել փոխզիջումային տարբերակներ: Եթե չկա փոխզիջում, չկա եւ բանակցություն: Այլ հարց է, թե ով ինչ պայմաններով է տեսնում այդ փոխզիջումները: Եթե հայկական կողմը չի ցանկանում փոխզիջումների գնալ, պետք է դուրս գա բանակցային գործընթացից կամ ստիպի Ադրբեջանին գնալ զիջումների:

Այս պահին բանակցային գործընթացն, ըստ իս, առկախված է, քանի որ չկա բանակցային բովանդակություն: Օր օրի ավելանում են խոչընդոտները, քան հնարավորությունները, եւ կողմերն ավելի են կոշտացնում դիրքորոշումները՝ հռետորաբանությամբ կամ կոնկրետ գործողություններով: Չի բացառվում, որ ինչ-որ պահից սկսած՝ հայկական կողմը եւս ցուցաբերի ռազմական ակտիվություն: Կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է մաքսիմալ ստանալ եւ նվազեցնում է փոխզիջման գնալու իր չափաբաժինը, ցանկանում է, որ դիմացինն ավելի շատ զիջի, քան ինքը: Արդյունքում՝ փակուղի է, առկախում: Դրան գումարվում են նաեւ հասարակության տրամադրությունները, որի համար ցանկացած (փոխ)զիջում դիտվում է որպես դավաճանություն, պարտություն: Այդ «փառքին» չի ցանկանում արժանանալ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Իլհամ Ալիեւը: Երկուսն էլ ցանկանում են հանգիստ շարունակել իրենց պաշտոնավարությունը: Եվ բեռն ընկնում է սահմանում կանգնած զինվորի վրա, որը, ըստ իս, անթույլատրելի է:

Ինչ վերաբերում է ԼՂ-ի միջազգային ճանաչման գործընթացին, պետք է հասկանալ, թե ինչ արդյունք է այն տվել մինչեւ օրս եւ ինչ մեխանիզմներ են կիրառվել, եւ ի վերջո, ինչպես ենք չափում արդյունավետության աստիճանը: Մինչեւ օրս միջազգային իրավունքի որեւէ սուբյեկտ, այդ թվում եւ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը: Պատճառներից մեկն այն է, որ բանակցային գործընթացը չի ավարտվել, եւ միջազգային հանրության այս կամ այն անդամը սպասում է հանգուցալուծմանը: Եթե որեւէ երկիր այդ ընթացքում փորձ անի ճանաչել Արցախի անկախությունը, կնշանակի՝ շրջանցում է ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատը եւ բանակցային գործընթացը: Կարծում եմ, որ այս ձեւով հայկական կողմը ծուղակի մեջ է դնում անգամ այն երկրներին, որոնք կցանկանային ճանաչել Արցախը:

Մյուս կողմից էլ՝ միջազգային հանրությունը, ինչպես, օրինակ, Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պարագայում, միշտ նայում է աշխարհաքաղաքական նպատակահարմարությանը: Ինքնորոշման իրավունքն անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է այդ իրավունքի իրացման համար: Անգամ դե ֆակտո վերահսկողությունը բավարար չէ: Լուծումը միջազգային հանրությունը թողել է հայկական եւ ադրբեջանական կողմերի վրա, եւ կընդունեն այն որոշումը, որին կհամաձայնեն բանակցող կողմերը: Այսինքն՝ կհարգեն հակամարտող կողմերի ընտրությունը՝ պատերազմ, խաղաղություն կամ ստատուս քվո: Իսկ միջազգային ճանաչումը նման համատեքստում գրեթե անհնար է: Պետք է փոխել մարտավարությունը եւ քիչ ոգեւորվել իրավական եւ քաղաքական որեւէ նշանակություն չունեցող՝ այս կամ այն քաղաքի կամ նահանգի ճանաչմամբ:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 05.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031