Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Հոկտեմբեր 06,2017 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր հինգերորդ

ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Եվ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու հորս ասաց՝ «ինչ վերաբերում ա խռովելուն, ես ընդհանրապես խռով պահելու սովորություն չունեմ», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա դու խռով չպահես, բայց քո հետ խռով  պահեն», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Խորիկն էլ խռով պահող չի» եւ  մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտ ա, մի քիչ գոռոզ ա, բայց՝ ոչինչ. արդեն իրա գոռոզությանը սովորել ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համ էլ՝ ինչի չպիտի գոռոզ լինի. համ տեսքն ա տեղը, համ էլ՝ տաղանդը» եւ մի քիչ էլ մտածեց  ու ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ իգդիրցի ա», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «Ուստա Հակոբն էլ ա իգդիրցի, բայց հեչ գոռոզ չի», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ Խորիկի տեսքն ունեմ, ոչ էլ՝ տաղանդը», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «կեղծ համեստություն ես անում, Ուստա Հակոբ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու էլ քո գծով ես տաղանդ», եւ Ֆրունզիկը ժպտալով  ասաց՝ «Ուստա Հակոբը տեսքով էլ առանձնապես Խորիկին չի զիջում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Խորիկին չգիտեմ, բայց ժիվոպիսեցների մեջ Ուստա Հակոբն ամենատեսքովն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տաղանդի իմաստով էլ ա ամենատաղանդավորը», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու գոռաց՝ «ձեռ ե՞ս  առնում», եւ Ֆելոն զարմացած նայեց  հորս ու հարցրեց՝ «բայց ինչի՞ ես գոռում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «քանի դեռ աշակերտ ես, իրավունք ունի գոռա», եւ  Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սխալ բան որ ասեմ, էլի թող գոռա» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «բայց ճշտի համար ինչի՞ ա գոռում», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ճիշտը ո՞րն ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտն էն ա, որ դու իրոք Հայաստանի ամենաուժեղ ժիվոպիսեցն ես», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլորն են ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սաղ ժիվոպիսեցներն էլ պրիզնատ են գալիս, որ դու ամենաուժեղն ես», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին, մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ամենաուժեղը  Սերգո Համբարձումյանն ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով հորս ասաց՝ «դու էլ քո՛ բնագավառի Սերգո Համբարձումյանն ես», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ծիծաղը մի կերպ զսպելով հարցրեց՝  «շարունակում ե՞ս», եւ Ֆելոն հարցրեց՝ «ի՞նչն եմ շարունակում», եւ հայրս պատասխանեց ու ասաց՝ «ինձ ձեռ առնելը», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ես քանի՞ գլուխ ունեմ, որ Սերգո Համբարձումյանին ձեռ առնեմ», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «շարունակում ես», եւ Ֆելոն Ֆրունզիկին ասաց՝ «հեչ պատահական չի, որ քաղաքի բոլոր ժիվոպիսեցներն իրան Ուստա Հակոբ են ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամենաուժեղ գիրք ձեւավորող նկարիչներն իրանց ձեւավորումները բերում են, որ վերնագրերի տառերն Ուստա Հակոբը գրի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «եթե պատերազմը չլիներ, ու ինքն էլ նկարչական ինստիտուտ սովորեր ու ավարտեր, դրանցից հազար անգամ ուժեղ նկարիչ կդառնար», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ումի՞ց ուժեղ», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «բոլորից», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «Սարյանից է՞լ», եւ Ֆելոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «չգիտեմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031