Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «ՀՀ շահն է պահանջում, որ մենք լինենք ՀԱՊԿ-ում»

Հոկտեմբեր 05,2017 22:50

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ երեկ Խորհրդարանում ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ իր հնչեցրած տեսակետին, որը քննադատությունների էր արժանացել: Նա ասել  էր, որ ՀՀ-ն միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը, եւ որ ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան Է:

«Մեր նման երկրները, որոնք, ցավոք, չեն դասվում գերտերությունների շարքը, պետք է կարողանան լիարժեք կազմակերպել իրենց անվտանգային համակարգը: Միայնակ չենք կարող դա անել: Դա միայն մեզ չի վերաբերում: Գերմանիայի պես երկիրն անգամ չի կարողանում իր անվտանգությունը միայնակ ապահովել: Եթե ՀՀ-ն կարողանար լիարժեք ապահովել իր անվտանգության համակարգը, ապա ի՞նչ է անում ռուսական ռազմակայանն այստեղ, ձեւի՞ համար ենք բերել…»,-հարցադրում արեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն չի անդամակցել ՀԱՊԿ-ին որեւէ երկրի դուր գալու համար, այլ որովհետեւ դա ձեռնտու եւ շահեկան է ՀՀ-ի համար. «Ռազմական-դաշնակցային առումով հայ-ռուսական հարաբերություններում որեւէ խնդիր չկա: ՀՀ շահն է պահանջում, որ մենք լինենք ՀԱՊԿ-ում: Մեր շահերից է բխում խորացնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում եւ դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ: Սա չի նշանակում, թե պետք է դադարենք գործակցել այլ կառույցների հետ»:

Շարմազանովը վստահեցրեց, որ ինքը խնդիր չունի դուր գալու ոչ Ռուսաստանին, ոչ Արեւմուտքին, ոչ Հարավին. «Իմ խնդիրն է՝ ծառայել ՀՀ շահերին: Իսկ ո՞րն է ՀՀ շահը: Երեք նախագահների օրոք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները երբեք որեւէ լուրջ այլընտրանք չեն ունեցել, որը ձեռնտու կլիներ Հայաստանին»:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այդ երկիրը սպառնալիք է. «Դա այն եզակի երկրներից էր, որն ապրիլյան քառօրյայի ժամանակ սատարեց Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031