BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել «Ինչու՞ են հայերը սիրում օտարերկրացիներին» խորագրով: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Չէի մտածում, որ գիշերը կանցկացնեմ Դիլիջանում: Մի քանի օր առաջ Վրաստանից մտել էի Հայաստան և հյուսիսով ճանապարհ էի ընկել դեպի մայրաքաղաք Երևան: Քայլերս ինձ տանում էին դեպի հարավ, բայց դանդաղ: Այստեղ լանդշաֆտն ամբողջությամբ դարչնագույն է. չոր էսկարպներ և խորը հսկայական ձորեր:
Դրանից արդեն պարզ էր՝ Հայաստանը հետաքրքիր է լինելու: Վրաստանի սահմանն անցնելուց հետո նստել էի «մարշրուտկա»՝ Կովկասում ամենաժան հանրային տրանսպորտը: Հենց շարժվեցինք, վարորդը մի նուրբ մեղրագույն թռչուն հանեց, դրեց դիմացը:
Թռչունը մոտ 5 րոպե նայեց ճանապարհին, մի քանի պտույտ գործեց հանգիստ նստած ուղևորների վրայով, հետո դուրս թռավ պատուհանից դեպի հսկա դեղնավուն բլուրները: Ի՞նչ էր սա. վերադարձի վարժությու՞ն, թե՞ բարի ճանապարհի ծես: Ես դա այդպես էլ չիմացա: Միգուցե նշան՝ սպասելու անսպասելին:
Բայց ես երբեք չէի մտածում, որ գիշերը կանցկացնեմ Դիլիջանում: Ես երկար շրջել էի Դեբեդի կիրճի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն համարվող եկեղեցիներում ու երբ կեսօրից հետո վերադարձա, «մարշրուտկաները», որոնց վարորդների հետ շփվում էի ժեստերով, ավարտել էին աշխատանքը:
Բայց փոքրիկ քաղաքը գրավիչ էր. մեկ գիշեր այստեղ անցկացնելը դժվար չէր լինի: Ավելի ուշ իմացա, որ խորհրդային տարիներին Դիլիջանը եղել է արվեստագետների մեկուսանալու վայր, և որ իր անտառների պատճառով այն հաճախ անվանում են «Փոքրիկ Շվեյցարիա»:
Այնուամենայնիվ, ինձ տեղ էր պետք գիշերելու: Նայելով իմ արդեն հին ուղեցույցը՝ մի առանձնացած հյուրատուն գտա, որը որոշ հետազոտական աշխատանքից հետո (հայկական այբուբենն ինձ համար նույնքան անհասանելի էր, որքան պարտիտուտը), ես վերջապես գիշերակաց գտա քաղաքի բարձր ծայրամասում: Փողոցով բարձրանալիս հույս ունեի, որ մարդ կգտնեմ այնտեղ:
Տունը խաղաղ բնակելի բլրի վրա էր՝ հեռու փոշոտ ճանապարհներից: Բախեցի մետաղական դարպասները, երկար ժամանակ լռություն էր: Հյուրեր այստեղ կարծես թե հաճախ չեն հանդիպում: Հասկացա, որ ամենայն հավանականությամբ դա նույնիսկ այլևս հյուրատուն չէ: Մտածեցի, որ անգամ սխալ եմ եկել: Փորձեցի հայերենով բարևել և արտաբերեցի լավատեսական «բարև ձեզ»-ը՝ սկզբում անվստահ, հետո ավելի բարձր՝ ինձ մի փոքր հիմար զգալով: Վերջապես լսվեցին ոտնաձայներ, և դարպասները բացեց միջին տարիքի գոգնոցով մի կին:
Նա հարցական նայեց ինձ վրա: Ես ցույց տվեցին ուղեցույցս: Թեթևացա, երբ նա ժպտաց, բռնեց արմունկս՝ ինձ ներս քաշելով տուն: Ինձ ցույց տվեցին հիմնական սենյակը՝ գունավոր անկողնով ծածկված մահճակալով: Հասկացա, որ տանը աղմուկ կա: Միջանցքում ծիծաղի ձայն լսվեց: «Nineteen o’clock» (ժամը 19:00-ին-խմբ.),- ասաց նա անգլերենով՝ ցույց տալով դիմացի սենյակը և ժեստերով ցույց տալով ուտելը,- Nineteen o’clock»:
Ես հոգնած էի և շփոթված, ընթրիք չէի սպասում, բայց ժամը 7-ին ընթրեցի, երբ ինձ հրավիրեցին: Դրան հաջորդեց գլխապտույտ, սրտառուչ, օղիով լի այնպիսի երեկո, որ պարզապես չէի կարող պատկերացնել: Նշված ժամին գնալով՝ ես հայտնվեցի ընտանիքի ավագ դստեր 18-ամյակի խնջույքին: Ձեռքս ուժեղ սեղմեցին, տեղավորեցին սեղանի մոտ: Այդ գիշեր սեղանի շուրջ 12 հոգի էինք, այդ թվում հոբելյար Լուսինեն:
Ուտելիքը բերում էին մեծ ափսեներով: Կինը, որ ինձ դիմավորել էր, Լուսինեի մայրն էր, և նա էր այդ գործերով զբաղվում: Բերեցին ափսեներ՝ լի լավաշով, սեղանին կար նաև սմբուկ, զեյթուն, թարմ բողկ և թել-պանիր: Հետո բերեցին խոզի խորովածը և սխտորով կանաչեղեն, հետո նաև սոխով կտրտած սունկ, յուղոտ կծու սոուսով հավ:
Այս ամենը լրացնում էր օղին՝ մրգից պատրաստված տնական վոդկան: Մեր տոնական սեղանը բաժանված էր ըստ սեռերի՝ կանայք մի ծայրում, տղամարդիկ՝ մյուս: Շնորհիվ հոբելյարի թարգմանության՝ ես հասկացա, որ երկու կողքս էլ հորեղբայրներ են նստած: Երկուսն էլ աշխույժ և ամրակազմ տղամարդ էին և իրենց պարտքն էին համարում հետևել, որ իմ բաժակը մեկ վայրկյան դատարկ չմնա: Առատորեն բերում էին ինչպես ուտելիքը, այնպես էլ մրգային օղին:
Երբ խնջույքը մարեց, հորեղբայրները պնդեցին, որ սեղանի մեր ծայրը խմի բոլորի և ամեն ինչի կենացը: Հայաստանի կենացը: Բրիտանիայի կենացը: Իրենց ընտանիքների, իմ ընտանիքների կենացը: Վաղուց մահացած մարդկանց կենացը: Ապագայի կենացը: Ընկերության կենացը: Որոշ կենացներից բան չէի հասկանում, բայց դրանք բոլորն էլ նույն կերպ էին՝ խփում էին բաժակները, ծալում արմունկը և կուլ տալիս կոկորդ տաքացնող ալկոհոլը: Հետո սկսեցին երգել, և բերեցին տորթը: Այդ ամենից գլուխս պտտվում էր: Երեկոն ավարտվեց բոլորի գրկախառնությամբ:
Երբ հաջորդ երեկո մեկնում էի և ցանկացա վճարել նախորդ գիշերվա ուտելիքի համար, կտրուկ մերժեցին, և ես չպնդեցի՝ նրանց չվիրավորելու համար: Հետո ինձ տվեցին Հայաստանի հարավում ապրող իրենց բարեկամի հասցեն, որին ես դժբախտաբար այդպես էլ չդիմեցի, և ջերմությամբ ինձ ճանապարհ դրեցին:
Երբ դարձյալ նստեցի «մարշրուտկա», միայն այդ ժամանակ հասկացա այդ ընտանիքի ջերմ հյուրասիրության արժեքը: Ես միանգամայն օտարական էի հազարավոր կիլոմետերեր հեռու գտնվող մի երկրից: Նրանց դարպասի մոտ էի հայտնվել առանց տեղեկացնելու, չսափրված և նախանշված ընթրիքի ժամից մեկ ժամ առաջ: Այնուամենայնիվ, ինձ ոչ միայն մահճակալ տվեցին, այլև այնքան բնական և ջերմ ընդունեցին իրենց խնջույքին, ասես իրենցից մեկն էի: Դա հսկայական չափաբաժնով դուրս է գալիս «հյուրատուն» ձևակերպումից:
Հայերը իրենց կովկասյան հարևանների նման հին ժամանակներից հայտնի են օտարերկրացիների նկատմամբ հյուրընկալությամբ: Դրա մասին է վկայում և այն, որ երկիրն ընկած է պատմական առևտրական Մետաքսի ճանապարհի վրա: Այն տեսել է հազարավոր վաճառականներ, զինվորներ, ներգաղթյալներ և ճամփորդներ: Դեռ մ.թ.ա 400թ. հույն զորավար Քսենոֆոնն իր զորքերն այստեղով անցկացնելիս հյուրասիրվել էր գառան մսով, թռչնամսով և գինով:
Շատերը կասեն, որ Կովկասի երեք ազգերը՝ վրացիները, հայերը և ադրբեջանցիները, որոշակի կասկածով են միմյանց վերաբերվում: Հայկական մի հումոր կա, որը դրա վառ ապացույցն է: Մի տղա իր պապին հարցնում է՝ ինչու Հայաստանը տիեզերագնաց չի ուղարկել: «Որովհետև վրացիները նախանձից կմեռնեին,- պատասխանում է պապը:- Ու եթե վրացիները նախանձից մեռնեին, մենք էլ հաճույքից կմեռնեինք, և բոլոր հողերը կմնային ադրբեջանցիներին»: Ճանապարհորդների և օտարերկրացիների համար, սակայն ամբողջ տարածաշրջանում տեղացիների հյուրասիրությունը ապշեցնում է:
Հայաստանը աննկարագրելի ցավ ու դժվարություններ է տեսել՝ սկսած 1914-1923թթ. տեղահանումներից և 1.5 մլն մարդու սպանությունից: ԱՄՆ տասնյակ նահանգներ և աշխարհի 29 երկրներ ճանաչել են Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության փաստը: Այսօրվա թուրքական պետությունը չի ընդունում դա: Հայերի ազգային ոգին, անկասկած, ձևավորվել է հենց այդ ընթացքում: Ու դրանով էլ ուժեղացել է այն գաղափարը, որ ով գալիս է խաղաղությամբ, պետք է ընդունվի բաց ձեռքերով:
Այսքանը կարող եմ ասել. երբ դու հյուրասիրության ես հանդիպում Հայաստանում, դա մոռանալն անհնար է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ