Հոկտեմբերի 5-ին Հայկական Բարեգործական ընդհանուր միության պատկերասրահում կայացավ Բրիտանական խորհրդի 15-ամյակին նվիրված ընդունելություն, որին ի թիվս այլոց, մասնակցում էր նաեւ Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշեց, որ իրենց համար այսօր կարեւոր օր է. «Մեր գրասենյակը 15 տարեկան է, մենք բավական երիտասարդ ենք որպես գրասենյակ, իսկ ընդհանրապես Բրիտանական խորհուրդը ութսուն եւ ավելի տարիների պատմություն ունի: 15 տարիների ընթացքում բավականին ձեռքբերումներ ենք գրանցել համագործակցելով պետական եւ մասնավոր կառույցների, ԶԼՄ-ների հետ»:
Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակը բացվել 2001թ՝ Բրիտանական խորհրդի ղեկավար Դեյվիդ Գրինի մասնակցությամբ եւ ակտիվորեն աշխատել հաջորդ տարվանից: 2002-ին մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը, որը հետագայում դարձավ ամենասիրելի մշակութային միջոցառումներից մեկը:
Այսօր շուրջ մեկ մլն մարդ տարեկան ներգրավվում է Բրիտանական խորհրդի ծրագրերում, օգտվում առցանց ռեսուրսներից, շուրջ 2000 մարդ տարեկան հանձնում է IELTS քննություն, ավելի քանի 2500 ուսուցիչ օգտվում է Բրիտանական խորհրդի ծրագրերից:
Այս տարիների ընթացքում ավելի քանի 500 000 մարդ ներգրավված է եղել Բրիտանական խորհրդի մշակութային ծրագրերում, հիմնադրվել է Ֆորում թատրոնը, ինչպես նաեւ Փոքր թատրոնին կից առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շնորհիվ էլ Հայաստանում զարգացում է ապրել սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը:
Բրիտանական խորհրդի ձեռնարկները բազմաթիվ են ու բազմազան՝ հայ-բրիտանական միջմշակութային հարաբերությունների համատեքստում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ