Ռուսաստանում, Ադրբեջանում եւ հետխորհրդային մի շարք երկրներում խոսքի ազատության իրավիճակը կտրուկ վատթարացել է, նշել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների մասնակիցները:
«Ռուսաստանում ազատ մամուլի վիճակը շարունակաբար վատթարանում է», – կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծում է, որ հենց ազատ մամուլն է անկողմնակալ լուրեր հաղորդում պատերազմի առաջնագծից, հենց լրագրողներն են բացահայտում կոռուպցիայի դեպքեր եւ հաղորդում դրանց մասին հանրությանը, եւ հենց լրագրողներն են հաճախ դրա համար ճնշումների եւ բռնության ենթարկվում ավտորիտար ղեկավարների կողմից:
Ռուսաստանի հետ միասին մամուլի անազատության ցուցակում առաջին տեղերում է նաեւ Ադրբեջանը, նշում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Նինա Օգնիանովան.
«Ադրբեջանում, որն աշխարհի առավել խիստ գրաքննություն ունեցող երկրներից է, իշխանությունը շարունակում է ճնշել մամուլը եւ նույնիսկ փորձում է իր գրաքննությունը տարածել արտերկրում»:
Օգնիանովան, մասնավորապես, հիշատակում է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ում Բաքվին հանձնեցին Բելառուսի իշխանությունները, ինչպես նաեւ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին, ում ուժով գաղտնի կերպով Ադրբեջան տեղափոխեցին Վրաստանից.
«Նախագահ Իլհամ Ալիեւը, ով փաստացի ժառանգել էր իշխանությունը հորից 2003-ին, լուրջ ճնշումներ է գործադրում անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների, քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմության ներկայացուցիչների վրա», – նշում է Նինա Օգնիանովան:
Բաքուն ճնշումների է ենթարկում նաեւ «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողներին, նշում է լսումներին մասնակցած «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: