Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը պատվիրակության անդամներին վստահեցրել է, որ խոսքի ազատության ոլորտում Հայաստանն էական առաջընթաց ունի

Հոկտեմբեր 05,2017 21:00

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել են ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:

Ինչպես նշել են ԵՄ պատվիրակության անդամները՝ հանձնաժողովը պարբերաբար մշտադիտարկումներ է իրականացնում միջազգային տարբեր հարթակներում եւ իրավիճակներում՝ ԵՄ խորհրդին առաջարկելով ռազմավարական մոտեցումներ եւ քաղաքական լուծումների տարբերակներ: Հանձնաժողովն իրականացնում է նաեւ ճգնաժամերի կառավարման գործողությունների քաղաքական վերահսկողությունն ու ռազմավարական ղեկավարումը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ողջունելով ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, դեսպան Վալտեր Սթիվենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, կարեւորել է անվտանգության եւ խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Արժեւորելով ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի որդեգրած կառուցողական մոտեցումները՝ նա պատվիրակության անդամներին մաղթել է արգասաբեր աշխատանք եւ նոր ձեռքբերումներ: Արմեն Աշոտյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներին եւ գործիքներին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը:

Նաիրա Զոհրաբյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքները:

Անդրադառնալով խոսքի ազատության հիմնախնդրին՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատվիրակության անդամներին վստահեցրել է, որ  խոսքի ազատության ոլորտում Հայաստանն էական առաջընթաց ունի: Անդրադարձ է կատարվել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է, որ կանցկացվեն խորհրդարանական լսումներ այս նախագծի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում եւ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչը, նրա խոսքով, կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Կորյուն Նահապետյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է ՀՀ օրենսդրական դաշտում իրականացվող փոփոխությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Վալտեր Սթիվենսը կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու Հայաստանի որոշումը՝ այն նշանակալի քայլ համարելով ժողովրդավարության զարգացման գործընթացում:

Նա նաեւ անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքին ու հեռանկարներին, Արեւելյան գործընկերության գալիք գագաթնաժողովի օրակարգին, Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր քաղաքական եւ անվտանգության խնդիրների ու մարտահրավերների հետ կապված հարցերին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031