Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատավոր Իշխան Բարսեղյանը 1000 դոլար չի պահանջել». փաստաբան

Հոկտեմբեր 05,2017 20:03

Կաշառք պահանջելու եւ ստանալու համար մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանն այսօր կրկին դատարան էր բերվել արյան բարձր ճնշմամբ:

Չնայած դրան՝ դատական նիստը չհետաձգվեց, դատարանը հետազոտեց քրեական գործում առկա գաղտնալսումները՝ ամբաստանյալներ Իշխան Բարսեղյանի եւ Էլզա Զաքարյանի, Էլզա Զաքարյանի եւ գործով տուժող Նորիկ Հակոբյանի հեռախոսազրույցների ձայնագրությունները եւ գործով ձեռք բերված այլ ապացույցները՝ թղթադրամները, որոնք Իշխան Բարսեղյանը վերցրել էր Նորիկ Հակոբյանից;

Ըստ հետազոտված ձայնագրությունների՝ կաշառք միջնորդելու համար մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը պայմանավորվում էր Հակոբյանի հետ, հետո այդ պայմանավորվածության մասին տեղեկացնում դատավորին:

«Այս ձայնագրություններով հաստատվում է  այն հանգամանքը, որ պարոն Բարսեղյանը խոսել է Էլզա Զաքարյանի հետ ու հանդիպել Նորիկ Հակոբյանի հետ, որը պարոն Բարսեղյանը չի էլ վիճարկում: Այն, ինչ մենք վիճարկում ենք, կաշառքի նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքներն են, որը պետք է լիներ երեք ժամ, բայց դատարան  է ներկայացվել ընդամենը քսանութ րոպե տեւողությամբ: Այդտեղ է  ամբողջ խնդիրը, որ մենք վիճարկում ու ասում ենք ՝ այստեղ խոսակցությունը շատ այլ թեմաների մասին է  եղել, դրանք բոլորը կրճատված են»,- ասաց Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը;

Ըստ Վարդուհի Էլբակյանի՝ երբ Իշխան Բարսեղյանը հանդիպում է Նորիկ Հակոբյանի հետ, վերջինս հանում է, որ գումարը տա, ասում է՝ 1000 դոլար է, պարոն Բարսեղյանն ասում է՝ ես Էլզային որեւէ բան չեմ ասել, Նորիկ Հակոբյանն ասում է՝ այո՛, դուք չեք ասել, ասել է Էլզան. «Այսինքն, պարոն Բարսեղյանը 1000 դոլարի մասին պայմանավորվածություն չի ունեցել»:

Փաստաբանն այսօր ոչ մի կերպ չարձագանքեց հրապարակվող ձայնագրություններին:

Փաստաբան Էլբակյանը նաեւ արձանագրեց, որ հետազոտվող թղթադրամները, որոնք Իշխան Բարսեղյանը վերցրել էր Նորիկ Հակոբյանից, առանձին ծրարներով են եղել՝ 400 դոլարն առանձին, 600՝ առանձին ծրարում է եղել: Ըստ արձանագրության ծրարների վրա  ստորագրել էր նաեւ Իշխան Բարսեղյանը, բայց երբ այսօր ծրարները հետազոտվեցին, պարզվեց, որ միայն դատավորի անուն, ազգանունն է գրված ծրարի վրա, իսկ ստորագրությունը չկա:

Ըստ փաստաբանի՝ ընդհանուր ապացույցների թույլատրելիությանն ու խախտումներին իրենք հետագայում կանդրադառնան:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031