«Նկարը նոր ենք տեսել: Երբ հրապարակում էինք, մտածում էինք վաղեմության մասին, բայց քանի որ ոչ մի տեղ չգտանք այդ թեմային վերաբերող կամ այդ անձին պատժելու մասին հրապարակում, մտածեցինք` անգամ եթե մի քանի տարվա է այդ պատմությունը, ոչ մի կերպ չի, լուսաբանվել, ուստի արժե անդրադառնալ: Չեմ կարծում, թե խնդիր է, որ հիմա է լուսանկարը հրապարակվել»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ անգղների որսով հին լուսանկարը դրվեց շրջանառության մեջ, այսպես պատասխանեց econews.am կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը:
Նա պարզաբանեց, թե սկզբից նկարը տեսել է ֆեյսբուքում, այնուհետև հանձնարարել լրագրողին մասնագետից ճշտել` արդյոք նկարում պատկերված թռչունը սպիտակագլուխ ա՞նգղ էր, թե՞ ոչ:
Մեր այն հարցին` Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մկրտչյանի պատճառաբանությունը, թե դրանք Թուրքիայից եկած անգղներ են, համոզի՞չ է, Մարիամ Տաշչյանը պատասխանեց. «Ես նման հուզական բաների անդրադառնալ չեմ կարող: Առաջնորդվում եմ միայն փաստերով: Կարող է այդ թռչունը Թուրքիա Հայաստանից էր գնացել: Չեմ կարծում, թե դա ոստիկանների համար էլ կարևոր փաստարկ է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները հրապարակումից րոպեներ անց են արձագանքել»:
Կարծիքներ կան, թե այս լուսանկարի հրապարակումը քաղաքական բնույթ ունի: Այս առիթով econews.am-ի խմբագիրն ասաց. «Կարող եմ հարյուր տոկոս հերքել այդ պնդումները, քանի որ անձամբ ես եմ տեսել այդ լուսանկարը և հանձնարարել լրագրողներին զբաղվել այդ թեմայով: Ո՞նց եք պատկերացնում` անգղներն ի՞նչ կապ ունեն քաղաքականության հետ»:
Econews.am-ը կապում են նաև Ելակետ լրատվականի հետ: Մինչդեռ Ելակետում ժխտեցին այդ խոսակցությունները: Ելակետ լրատվականի խմբագիր Անուշ Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց լրատվամիջոցը որևէ կապ չունի Econews.am-ի հետ:
«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը ևս մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Econews.am-ի հետ իրենք առնչություն չունեն: Հետաքրքրվեցինք` իսկ գյուղապետի արդարացումը, թե անգղները Թուրքիայից էին եկել, համոզի՞չ է, տիկին Զառաֆյանը պատասխանեց. «Նախ մենք չգիտենք` պետք է ճշտել դա իրո՞ք դա ֆոտոմոնտաժ չէ: Պետք է իրավապահ մարմիններն իսկությունը պարզեն, ակտ կազմեն և համապատասխան որոշում կայացնեն: Գյուղապետի բացատրությունները ոչ մեկին չեն հետաքրքրում: Դա իր անձնական գործն է, որը ոչ մի կապ չունի մեր օրենսդրության հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ