Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումերի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական նորմերը խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկել:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ մանրածախ առեւտրում կամ հանրային սննդի կետերում խախտում հայտնաբերելու դեպքում վարչական պատասխանատվության բաց կար, ինչը խնդիրներ էր առաջացնում գյուղնախարարության համար: Ուստի նախարարությունը առաջարկում է, որ օրենքում հստակ նշվի՝ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտրի կետերի կամ հանրային սննդի օբյեկտների նկատմամբ տուգանք սահմանել՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից մինչեւ 30-ապատիկի չափով:
Փոխնախարարն ասաց, որ այս հարցն առաջացել է այն ժամանակ, երբ 2015-ին դիտարկումներ էր իրականացվում դպրոցներում եւ մանկապարտեզներում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ նախազգուշացման կիրառման հնարավորություն կա, ո՞ր դեպքում է այն կիրառվում եւ ինչ վիճակագրություն ունեք: Ռոբերտ Մակարյանը պատասխանեց, որ «Ունենք մի քանի գործիքներ: Մեր խնդիրը չի տնտեսվարողներին տուգանելը կամ վարչական իրավախախտումների մասով պատասխանատվության ենթարկելը»:
Փոխնախարարն ասաց, որ վարչապետի կողմից խաղողի մթերումների հետ կապված հանձնարարական եղավ դիտարկումներ անել մթերող ընկերություններում, այդ գործընթացն այսօր իրականացվում է՝ առանց որեւէ նեղություն պատճառելու մեր տնտեսվարողներին. «Վարչական պատասխանատվություն կիրառվում է այն դեպքում, երբ մարդու կյանքին սպառնացող վտանգ կա, մնացած դեպքերում զգուշացումներ են նախատեսվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ