Լրահոս
Օրվա լրահոսը

Պարուսույցի արձագանքը՝ Մոսկվայում իր սաների պարած շալախոյի շուրջ ադրբեջանցիների բարձրացրած հիստերիային (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2017 18:10

Ինչպես անդրադարձել ենք, սեպտեմբերի 2-ից ռուսական «НТВ» հեռուստաընկերությամբ մեկնարկած «Դու սուպեր ես․ պարեր» նախագծին Հայաստանից մասնակցում են Գյումրու «Թռչունյանց տուն» մանկատան երկու սաներ՝ 16-ամյա Աստղիկ Մխիթարյանն ու 17-ամյա Դավիթ Այվազյանը։ Նրանք մրցույթի ժամանակ պարեցին շալախո, որը մեծ հավանության արժանացավ ժյուրիի կողմից։ Նրանց կատարումը «Յութուբ» սոցիալական ցանցում «НТВ»- հեռուստաընկերության կողմից բնութագրվել էր այսպես․․«Ուղղակի կրակ․ Հայաստանից Դավիթն ու Աստղիկն իրենց պարով, որտեղ զուգակցված են կիրքն ու քնքշությունը, ցնցեցին բոլորին»։

Մեր պատանիների պարը, սակայն, ազդել էր ադրբեջանցի օգտատերերի նյարդերի վրա, որոնք առիթը բաց չէին թողել այդ նույն տեսանյութի տակ վիրավորանքներ հղել հայերին։ Հայ օգտատերերը, բնականաբար, հակադարձել էին, վերջիններիս հատկապես զայրացրել էր այն պարզունակ մեղադրանքները, թե երաժշտությունն ու պարը ադրբեջանական ու թուրքական են, իսկ հայերը գող են։

https://www.youtube.com/watch?v=dkagZQb3rz8

Աստղիկի ու Դավիթիի պարուսույցը՝ Սենիկ Խուբեսարյանը, որը նույնպես հետևել էր ադրբեջանցիների բարձրացրած հիստերիային, ասաց․ «Շալախոն կովկասյան պատմա-կենցաղային պար է, պարում ենք թե՛ մենք, թե՛ վրացիները, և թե՛ ադրբեջանցիները։ Ու թող ոչ մեկը չփորձի որպես իրենը ներկայացնի։ Թող չփորձեն իրենցով անել, նույն հաջողությամբ վրացին էլ կարող է ասել իմն էլ, հայերս էլ։ Պարզապես այստեղ մատուցման ձևն է տարբեր, կենցաղային պար է, յուրաքանչյուրը պարով ներկայացնում է իր տարածաշրջանի նիստուկացը, իր բնավորությունը»։

Պարուսույցը ձեռքերի շարժումներով ցուցադրեց, թե ինչով է տարբերվում հայերի շալախոն ադրբեջանցիների պարից (Տե՛ս տեսանյութում)։

Պարուսույցն այնքան էլ գոհ չէ, որ մրցույթի ժամանակ կրճատվել է պարը։ «Ես բեմադրել էի մոտավորապես 3,5 րոպե տևողությամբ, բայց իրենց պայմաններն այնպիսին էին, որ 1 րոպե ու կեսը չպիտի գերազանցեր։ Այնտեղ էլ կրճատեցին։ Երեխաների կատարումը մաքսիմալ լավն էր, այնպես չէ, որ մեր երեխաներ են, գովում եմ, իրականում նրանք արեցին առավելագույնը, ինչ իրենցից պահանջվում էր։ Բայց, անկեղծ ասած, ինձ մի քիչ երաժշտության կրճատումը դուր չեկավ։ Պահեր կար, հատկապես Դավիթի մենապար կար, որ անմիջապես ներկայացնում էր հայ տեսակը։ Պարը կրճատվել էր, ես իհարկե, չեմ ուզում խառնվել այդ նախագծի ներքին գործերի մեջ, որովհետև իրենք ավելի լավ գիտեն իրենց ինչ է պետք, սա իմ սուբյկետիվ կարծիքն է»։

Սենիկ Խուբեսարյանի կարծիքով «НТВ» հեռուստաալիքը շատ դիպուկ է բնութագրել մեր պատանիների պարը՝այնտեղ նկատելով կրքի ու նրբության համադրում։ «Շատ ճիշտ են վերնագրել, մեր տղաները կրքոտ են, իսկ աղջիկները շատ նուրբ են, հեզ են, և այս ամենը նրանք բեմում ներկայացրեցին։ Նորից եկանք մեր ազգի տեսակին, Աստղիկի նրբությունը, հեզությունը, ամոթխածությունը, թաքնված ժպիտը և Դավիթի առնականությունը, այն ամենն էր, ինչ բնորոշ է մեր ազգին»,-ասում է պարուսույցը։

Սենիկ Խուբեսարյանն այնքան էլ ուշադրություն չի դարձնում իր սաների մրցույթում հաղթող դառնալուն։ Նա նշում է, որ մեր երեխաների մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է։ «Նրանց մասնակցությունը հաղթանակ է թե՛ մեր ազգի, և՛ թե առաջին հերթին իրենց համար․ շփվելով պրոֆեսիոնալ, այլ ազգի խորեոգրաֆների հետ՝ արդեն իսկ հաղթանակ է։ Իմ սաներն անկախ հաղթելուց, պարտվելուց արդեն իսկ հաղթած են, որովհետև հնչեցնում են մեր Գյումրիի, մեր Հայաստանի անունը»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Սենիկ Խուբեսարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031