Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանի ընտանիքը դիմել է գլխավոր դատախազին

Հոկտեմբեր 05,2017 17:03

«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամներն այսօր հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նրանց շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, Հայաստան- Սփյուռք համաժողովից առաջ Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամները փորձել էին մարզահամերգային համալիրի առջեւ ակցիա կազմակերպելով`համաժողովի մասնակիցներին տեղեկացնել, որ սփյուռքահայեր Կարո Եղնուկյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորված են իրենց քաղաքական հայացքների համար: Սակայն դա նրանց չէր հաջողվել: Նրանց բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին եւ 4-4,5 ժամ պահել: Ընթացքում, նրանք տեղեկացել են, որ իրենց բերման են ենթարկել պայթուցիկ նյութ կրելու կասկածանքով: Ասել են, նման օպերատիվ տեղեկություն են ստացել:

Գլխավոր դատախազին ներկայացված հաղորդումը`6-7 հանցակազմ է պարունակում. ապօրինի արգելվել է Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամների ազատ տեղաշարժի իրավունքը, տեղեկատվություն տարածելու իրավունքը, նրանց առանց հիմքի 4-4,5 ժամ պահել են ոստիկանական բաժանմունքում եւ այլն:

Տիգրան Հայրապետյանն ասում է`քրեական գործ չի հարուցվի`կդիմեն ՄԻԵԴ: Բացի այդ, նաեւ նրանց բերման ենթարկելու բարոյական վնասի փոխհատուցման համար դիմում է ներկայացվել Վարչական դատարան:

Կարո Եղնուկյանի մյուս պաշտպանը՝ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցն էլ ասաց, որ ոստիկանների գործողություններում որեւէ տրամաբանություն չկա. «Այնքան ապաշնորհ են մեր իշխանությունները, որ նորմալ գործ չեն կարողանում սարքել: Լավ էնպիսի բան մտածեք, որ մարդկանց մոտ ձեր գործողությունների նկատմամբ կասկած չառաջանա: Ինչ շփոթմունք էր տիրում ոստիկանական բաժանմունքում, դա խայտառակություն է ուղղակի: Ոստիկանները չգիտեին ի՞նչ խոսեին, ի՞նչ ասեին, աչքները փախցնելով ման էին գալիս: Այս աստիճանի բացահայտ հետապնդում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031