«Երեք ժամ անց էր, ես ասացի կամ մեղադրանք ներկայացրեք կամ ես պիտի գնամ: Մեկը մյուսի վրա էր գոռում, ինչ-որ գրող չկա: Այդ ընթացքում մեզ մոտեցան ՄԻՊ-ի ներկայացուցիչները, զրուցեցինք: Չորս ժամ անց նոր ընթերականեր բերեցին եւ սկսեցին խուզարկել: Այդ ամբողջ ընթացքում ես չգիտեի, թե ինչի համար են ինձ բերման ենթարկել: Դրսում իրենք խոսում էին, ես փակ դռների ետեւից լսեցի, իմացա, թե ինչի համար են ինձ բերել: Ինձ տարել էին ուրիշ պատրվակով, այլ բան գրվեց`ինչ-որ պայթուցիկ նյութ կրելու կասկածանք գրվեց»,- «Հայելի» ակումբում այսօր իրեն բերման ենթարկելուց հետո ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցածի մանրամասները պատմեց «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի կինը`Ռուզաննա Եղնուկյանը:
Հիշեցնենք, Հայաստան- Սփյուռք համաժողովից առաջ Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամները փորձել էին մարզահամերգային համալիրի առջեւ ցույց կազմակերպելով`համաժողովի մասնակիցներին տեղեկացնել, որ սփյուռքահայեր Կարո Եղնուկյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորված են իրենց քաղաքական հայացքների համար: Սակայն դա նրանց չէր հաջողվել: Նրանց բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Նրանց ազատ են արձակել 4-4,5 ժամ հետո: Նրանց շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ոչ իրավաչափ է գնահատում ոստիկանների գործողությունները, քանի որ եթե հիմք չկա, անգամ երեք ժամ չեն կարող պահել ոստիկանական բաժանմունքում: Առհասարակ, պաշտպանը կարծում է, որ Կարո Եղնուկյանի ընտանիքի հանդեպ արդեն չորս տարի ակնհայտ ընդգծված վատ վերաբերմունք է դրսեւորվում:
Ռուզաննա Եղնուկյանը վրդովված է. եթե իրենց բերման էին ենթարկում պայթուցիկ նյութ կրելու կասկածանքով, ինչո՞ւ հենց սկզբից խուզարկություն չեն արել. «Եթե այսպիսի գործողությունների են գնում, չեմ զարմանա, որ տանիքից, մեքենայից ինչ – որ բան գտնեն»:
Իսկ Կարո Եղնուկյանի աղջիկը՝ Էլմոնեն էլ ավելացրեց, որ չորս ժամ հետո, երբ իրեն ցանկացել են խուզարկել, ոստիկանության ներկայացուցիչը պարզապես հարցրել է. «Բալիկ ջան, չստուգե՞մ ներքնազգեստդ, ի՞նչ արգելված իր ունես»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ