Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել ազգագրական թաղամաս

Հոկտեմբեր 05,2017 15:40

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման մրցույթին հայտ ներկայացրած միջազգային չորս ընկերությունների ներկայացուցիչների:

Հանդիպմանը քննարկվել են թաղամասի կառուցապատմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ներդրումային ծրագրի մանրամասներին և տեսլականին:

Նշվել է, որ ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ ծրագիրը մանրամասն քննարկել են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, շրջել Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրերով, ծանոթացել հայկական մշակույթին ու ավանդույթներին:

Վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ «Հայկական գյուղ»-ը լինելու է տնտեսապես գրավիչ հաջող բիզնես ծրագիր և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է ծրագրի հետ կապված քննարկել ընկերությունների ներկայացրած բոլոր առաջարկությունները:

«Այն Հայաստանի զբոսաշրջության ոլորտ կբերի նոր փոփոխություններ: Երևան ժամանողին կկարողանանք համապարփակ ներկայացնել հայկական աշխարհը, այդ թվում՝ սփյուռքը, մեր պատմությունը, միջավայրը՝ ըստ տարածաշրջանների ու քաղաքների: Թաղամասը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը և իր լայն ենթակառուցվածքներով կպատասխանի զբոսաշրջիկների սպասելիքներին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ ծրագրի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ներդրողների հետ:

Ակնկալվում է թաղամասի կառուցապատման մրցույթն ամփոփել նոյեմբերի սկզբին: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Նախատեսվում է, որ թաղամասը կունենա կինոթատրոն, այգի, համերգասրահ, թարմ տեղական արտադրանք առաջարկող բացօթյա շուկա և այլ ենթակառուցվածքներ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031