«Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից զենքի գործադրմամբ դատապարտյալի փախուստը կազմակերպելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ անոթային վիրաբուժության բաժանմունք՝ «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դատապարտյալը նախապես իր ծանոթին հայտնել է, որ գնալու է բժշկական կենտրոն բուժզննման և ցուցումներ տվել՝ իր փախուստը կազմակերպելու վերաբերյալ:
Նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, հիշյալ բաժանմունքի հիվանդասենյակ է մուտք գործել դատապարտյալի ծանոթը՝ Երևանի բնակիչ, ծնված 1988թ.՝ մարզական պայուսակով, և Դ.Գալստյանի փախուստը կազմակերպելու նպատակով պայուսակից հանել է ինքնաձիգը ու կրակել։ ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա. Մարուքյանին հաջողվել է զինված անձին վնասազերծել առաջին կրակոցից անմիջապես հետո:
Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետև՝ վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի, որին հետապնդել են ՔԿՀ երկու աշխատակից և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալ մասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան՝ կանխելով փախուստը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 1988թ. ծնված երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե