Ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունն անհանգստացնող է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Հարցին, թե ինչու այսքան ձգձգվեց օրենքի ընդունումը, պարոն Հարությունյանը պատասխանեց, որ օրենքի նախագիծը լրամշակվել է եւ այդ պատճառով էլ ձգձգվել է դրա քննարկումը: Նախարարի խոսքով, հանրային քննարկումից հետո նախագիծը կուղարկվի Ազգային ժողով:
Նախարարը հայտնեց, որ երկուշաբթի` հոկտեմբերի 9-ին արդարադատության նախարարությունը հանրային քննարկման կդնի «Ընտանեկան բռնությունների կանխարգելման եւ ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության» մասին օրենքի նախագիծը:
«Ճանապարհը, որը բռնել ենք, համարում ենք կարեւոր, աշխարհի 120 երկիր բռնել են այդ ճանապարհը: Բայց հաշվի առնելով, որ լինում են տարօրինակ մեկնաբանություններ այդ օրենքի որոշ դրույթների շուրջ, որոնք բացարձակապես որեւէ աղերս չունեն այդ օրենքի հետ, մենք պատրաստվում ենք երկուշաբթի օրը Մատենադարանում հանրային քննարկում կազմակերպել: Շահագրգիռ կողմերին էլ հրավիրում ենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Aravot.am-ի հարցին, թե իրավապաշտպանները նշում են, որ այդ հարցում սոցիալական աշխատողի դերը շատ կարեւոր է, առանց սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման, ինչպիսի՞ արդյունքներ կարելի է ակնկալել, արդարադատության նախարարը պատասխանեց, որ ընտանեկան բռնությունը նվազեցնելու նպատակով սոցիալական, կրթական ու իրավապահ մարմինները պիտի համագործակցեն:
Նախարարից հետաքրքրվեցին, թե ապաստարան ունենալու հարցը ինչպես է լուծվելու, ինչին ի պատասխան պարոն Հարությունյանն ասաց, որ ապաստարանի համար նախ օրենք է պետք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ