Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք ձախողելու հակառակորդի բոլոր մտադրությունները»

Հոկտեմբեր 05,2017 14:15

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակհասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

 Էդմոն Մելիքսեթի Յավրումյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 10-ին, Լոռու մարզի Մեծավան գյուղում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կիրովականի Լոռեմենտ համալսարանի ռադիոտեխնիկայի բաժնում և երրորդ կուրսից` 2016 թվականի հունվարին զորակոչվել պարտադիր ժամկետային զինծառայության:

Շուրջ ինն ամիս է, ինչ Էդմոնը կատարում է դիրքապահի պարտականությունները: Այդ սրբազան առաքելությունը պատվով կատարելու և հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար նա կարևորում է հատկապես զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը: «Ճիշտ է, մանրուքներ մարտական հերթապահության իրականացման ընթացքում չկան, սակայն առավել կարևորում եմ զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը: Դրանք միմյանց հետ փոխկապակցված և մարտական հերթապահության անբաժանելի մասն են: Այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել, կատարել այն բոլոր հրահանգները, որոնք նախատեսված են անվտանգության նկատառումներով` սկսած զենքի և զինամթերքի հետ ճիշտ վարվելուց մինչև դիտարկումների կազմակերպումը և սողուններից պաշտպանվելը: Իսկ զգոնությունը, մանավանդ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում, մեր ծառայության առյուծի բաժինն է կազմում»,- ասաց շարքային Էդմոն Յավրումյանը:

Ինչ վերաբերում է դժվարություններին ու խնդիրներին, ապա դիրքապահ տղաներին դա հաջողվում է հաղթահարել միասնական ջանքերի, հայրենասիրության ու մասնագիտական պատրաստվածության շնորհիվ: «Զինծառայության մեջ, թե քաղաքացիական կյանքում ընդհանրապես, միշտ էլ դժվարություններ ու խնդիրներ լինում են: Դրանք հաղթահարելու համար նախևառաջ պետք է կամք ցուցաբերել, իսկ դիրքերում այդ բոլորը հաղթահարում ենք համատեղ ուժերով` ընկերաբար: Այդ առումով տղաների միջև հաստատված են ջերմ ընկերական հարաբերություններ, և պատրաստ ենք ամեն հարցում մեկս մյուսին օգնել, սատար կանգնել, որպեսզի կարողանանք կատարել մեզ վրա դրված առաքելությունը:

Հայրենիքի պաշտպանությանը նվիրվելու հարցում իր ուրույն տեղն ունի հայրենասիրականը, քանի որ առանց քո հայրենիքը սիրելու, առանց նրա հերոսական անցյալին ծանոթ լինելու այն կկորցնի ամեն գնով պաշտպանելու իմաստից: Դիրքում կանգնած, հայրենիքի սահմանը պահող զինվորի համար այն ավելի բարձր արժեք ու իմաստ ունի»,- ասում է շարքային Էդմոն Յավրումյանը:

Էդմոն Յավրումյանն իր և մյուս դիրքապահների անունից հավաստիացնում է, որ իրենք իրենց պատասխանատու են համարում հայրենիքի պաշտպանության համար: Այդ հարցում իր ուրույն տեղն ունի մարտական ոգին, որը երբեմն ավելի կարևոր զենք է դառնում, քան իրական զենքը: Իսկ հոգևոր և զինվորական զենքի համադրումը, մեր միասնականությունը և հայրենիքին նվիրվածությունը, Էդմոնի կարծիքով, անպարտելի են դարձնում մեր բանակը: Էդմոնը վստահեցնում է. «Պատրաստ ենք ձախողելու հակառակորդի բոլոր մտադրությունները»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031