«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հատուկ տեսուչ Արմեն Սարգսյանը եւ նույն ազգային պարկի ավագ անտառապահ Կամո Պողոսյանը ներկայումս դատվում են կաշառակերության հոդվածով: Համաձայն նրանց առաջադրված մեղադրանքի՝ 2017թ. մարտի 17-ից «Դիլիջան» ազգային պարկում որպես հատուկ տեսուչ աշխատող Արմեն Սարգսյանը լիազորված լինելով կանխարգելել ՀՀ օրենսդրության եւ կազմակերպությունների ներքին կանոնադրության ռեժիմը խախտող ցանկացած գործողություն, վերահսկել անտառապահների ամենօրյա աշխատանքը. հանդիսանալով պաշտոնատար անձ, «Դիլիջան» ազգային պարկի պաշտոնատար անձ հանդիսացող, ազգային պարկի Հաղարծին տեղամասի ավագ անտառապահ Կամո Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, 2017թ. մարտ ամսվա վերջերից մինչեւ ապրիլի սկիզբն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Սամվել Թամրազյանից պահանջել եւ ստացել են 140 հազար դրամ կաշառք: Նրանք կաշառքը ստացել են «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը եւ փայտանյութն անտառից ապօրինաբար դուրս բերումը եւ Ս. Թամրազյանի կողմից սեփական հայեցողությամբ տնօրինումը թույլ տալու համար:
Արմեն Սարգսյանին եւ Կամո Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը»): Սույն հոդվածը նախատեսում է 7-12 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ա. Սարգսյանը եւ Կ. Պողոսյանը գտնվում են կալանքի տակ:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է սեպտեմբերի 29-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ