Այսօր ԱԺ-ում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին նախագծի քննարկման ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսին ;
Նախարարի խոսքով՝ «Եթե մարդիկ գիտակցեին, որ սպիտակագլուխ անգղը այն հազվագյուտ թռչնատեսակներից է, որը Հայաստանի միջազգային հեղինակության, ՀՀ-ի կարեւորագույն արժեքներից մեկն է, վստահ եմ, որ այդ մարդիկ չէին գնա այդ գործողություններին: Ամբողջ համացանցը ողողված է այս դեպքով եւ ոչ միայն այս դեպքով: Անընդհատ, ամեն օր մենք տեսնում ենք՝ սկսած աղտոտումներից՝ ջրային ավազանի, օդային ավազանի, ավարտված բուսական աշխարհի, անտառների նկատմամբ վերաբերմունքից, մի էական մասը դրա պայմանավորված է էկոմշակույթի բացակայությամբ: Շատերը կարող են ասել սոցիալական պայմաններից է, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ ֆինանսական աղքատության մեջ գտնվող մարդը, եթե բարձր էկոմշակույթի կրող է, ինքը ձեռնպահ կմնա այդ գործողություններից»:
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ներդրումներ կատարվում են այն երկրներում, որտեղ էկոլոգիապես կայուն վիճակ է:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հետաքրքրվեց՝ «Անգղերի որսի լուսանկարը պարզապես ամենախոսուն վկայությունն է էկոլոգիական անգրագիտության, տգիտության կամ անդաստիարակության: Օրենքով սահմանված կարգով ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում նման դեպքերում եւ ընդհանրապես ի՞նչ վիճակում է այս գործը»:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ սպիտակագլուխ անգղերի ապօրինի գործողության պատկերը հենց հայտնվեց համացանցում, արագ արձագանքել են, ոստիկանությունը շատ արագ գործողությունների է դիմել. «Պարզեց՝ 2013-ից սկսած այս պետհամարանիշը չկա, խոտանվել է, դեպքը տեղի է ունեցել դրանից առաջ: Ոստիկանությունն արդեն աշխատանքներ է իրականացնում, կհարուցվի քրգործ, նախաքննության եւ հետաքննության արդյունքների մասին մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի: Պետք է ոչ միայն դատապարտել, այլեւ օրենսդրական լուրջ վերանայումներ պետք է անենք»
Նախարարը նշեց, որ անգղի ապօրինի որսի համար քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն է սահմանված, նաեւ՝ վնասի փոխհատուցման չափ. «Քրօրով նախատեսված պատիժները կենդանական, բուսական աշխարհի նկատմամբ կարիք ունեն լուրջ խստացումների: Մենք չպետք է այլեւս մտածենք, որ սոցիալապես վատ վիճակում գտնվելով եթե ծառ է հատում՝ պետք է ներել նրան: Նա իր զավակի ապագայի, ապագա սերնդի վրա է խաչ քաշում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ