Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմում գրել, հետո ասել ինձ անօրինական են ազատել, ոչնչով օգնել չենք կարող». Էլեն Մանասերյան

Հոկտեմբեր 05,2017 13:44

1966-ի հոկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը միացյալ համաժողով կազմակերպեցին և ընդունեցին փաստաթուղթ, որտեղ առաջարկություններ արվեցին ուսուցչի կարգավիճակի հետ կապված: Փորձագետների պնդմամբ՝ դա միակ միջազգային փաստաթուղթն է, որին կարող են պետությունները հղում կատարել ուսուցչի պարտականությունների և իրավունքների հարցում:

«Մեդիա կենտրոնում» Ուսուցչի տոնի առիթով հրավիրված քննարկմանը Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Շենգավիթի տարածքային միության նախագահ Սիրանուշ Խլղաթյանը վստահեցրեց, որ ուսուցիչը եղել ու մնում է իր դիրքերում. «Ցանկանում եմ՝ բոլոր փոփոխություններն ի վերջո դրական ազդեցություն ունենան, քանի որ ուսուցչի համար կան մի շարք խնդիրներ: Բայց դրանք իրենց լուծումն առանձնապես չեն գտնում. աշխատավարձ, դրույքի հետ կապված ժամաքանակ և վերջապես ուսուցչի հեղինակության խնդիր: Եթե դպրոցի ֆինանսավորումն ըստ աշակերտի է, դա թույլ է տալիս աշակերտին իր դերն ավելի կարևորել»:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը, խոսելով դպրոցների օպտիմալացման ծրագրի արդյունավետության մասին, տեղեկացրեց. «Մոնիտորինգ ենք անցկացնելու պարզելու՝ օպտիմալացումը հերթական տեխնիկական փոփոխությո՞ւնն է իրականացնում, թե՞ դա նպաստելու է կրթության որակի բարելավմանը»:

Երևանի թիվ 189 դպրոցի մասնագիտական կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մարիամ Մկրտչյանն էլ նկատեց՝ վերապատրաստումներն անհրաժեշտ են հատկապես ավագ դպրոցների ուսուցիչների համար, քանի որ ավագ դպրոցում աշակերտներին սոսկ դասախոսության ձևով կամ դասագրքային մակարդակով գիտելիք փոխանցելը քիչ է:

Անդրադառնալով աշակերտ-թվով ֆինանսավորումից բխող խնդիրներին՝ փոխտնօրենը նշեց. «Ավագ դպրոցում չենք կարող ապահովել մեծ թվով աշակերտներ, ինչից տուժում է ուսուցչի աշխատավարձը: Շատ լավ կլիներ, որ ուսուցչի կատարած չարչարանքին ու նվիրումին համապատասխան լիներ նաև նրա վարձատրությունը»:

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս Արա Աթայանի համոզմամբ՝ մենք կարիք ունենք կտրուկ, համարձակ քայլերի:

Հակադրվելով իր գործընկերոջը՝ պարոն Աթայանն ասաց, թե կտրականապես համաձայն չէ այն տեսակետին, որ ըստ երեխայի թվի ֆինանսավորումը ուսուցչին հեղինակազրկում է. «Դրա փորձն ունեն բազում երկրներ, որոնք այդ համակարգով մեծ հաջողությունների են հասել: Իրականում ուսուցչին պետությունը չի վճարում, այլ մենք՝ հարկատուներս: Ես հարկատու եմ. որպես հարկատու՝ վճարում եմ իմ երեխաների ապագայի համար, ընտրում եմ իմ երեխայի դպրոցը: Մենք պիտի մոռանանք այն խորհրդային տարիների մտայնությունը, թե ֆինանսավորողը պետությունն է: Դա ոչ պետությունն է, ոչ դպրոցը, այլ ֆինանսավորողը հարկատուներն են՝ ծնողները»:

Պարոն Աթայանի կարծիքով՝ ուսուցիչը պետք է լինի ոչ պակաս լավ վարձատրվող, քան այն պետական պաշտոնյաները, որոնք պետք է ապահովեն նրա լավ աշխատանքը:

Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության իրավաբան Էլեն Մանասերյանը թվարկեց մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար իրենց են դիմում ուսուցիչներ, նաև դպրոցի տնօրեններ, բայց նաև մտահոգություն հայտնեց. «Երբ հերթը հասնում է նրան, որ դիմում բողոքները պետք է լինեն գրավոր, հրաժարվում են: Մեզ դիմում են նաև գործատուները աշխատանքներն օրենքի շրջանակներում կազմակերպելու համար: Աշխատանքային պայմանագրերի տեսակն է կարևոր. ուսուցիչների մեծ մասի հետ ամեն տարի նոր աշխատանքային պայմանագիր է կնքվում, ինչն աշխատանքային օրենսգրքի խախտում է»:

Ուսուցիչների՝ աշխատանքից անօրինական ազատումները ևս լուրջ խնդիր են. «Երբ ուսուցիչը կոնֆլիկտից հետո դիմում է գրում գործատուին իրեն աշխատանքից ազատելու մասին, դրանից հետո գալիս բողոքում է մեզ, մենք ոչինչ անել չենք կարող: Ճնշում է գործադրելը պատճառաբանություն չէ, դիմում գրել, հետո ասել ինձ անօրինական են ազատել, նորմալ չէ: Սա նշանակում է՝ ուսուցիչները ոչ միայն մասնագիտական զարգացվածություն պետք է ունենան, այլ իրենց իրավագիտակցությունը բարձր պետք է լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031