ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Արմավիրի մարզի Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մկրտչյանի մասնակցությամբ դեպքը:
Հիշեցնենք՝ բնապահպաններն ահազանգում են, որ նա «Կարմիր գրքում» գրանցված անգղներ է որսացել, ինքն էլ պնդում է, թե դա հին լուսանկար է, իսկ անգղներին ոչ թե որսացել է, այլ վերջիններիս մարմիններն ընկած են եղել ճանապարհին:
«Պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, որոնք կենդանական աշխարհի հանդեպ նման վայրագություններ են անում: Սա իսկապես վայրագություն է»,-համոզմունք հայտնեց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ըստ ոստիկանության՝ լուսանկարի ավտոմեքենայի պետհամարանիշը խոտանված է 2013թ.-ից, այսինքն՝ դեպքը դրանից հետո տեղի չի ունեցել. «Այնուամենայնիվ, սա հանցագործություն է»:
Նախարարը նաեւ նշեց, որ թեեւ դեռ պարզ չէ՝ ո՞ր տարածքում է դեպքը եղել, բայց լուսանկարում պատկերված անգղերի տեսակը տարածված է Սյունիքում, Տավուշում եւ Լոռիում: Նկատենք, որ գյուղապետի պնդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Թուրքիային սահմանակից տարածքում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ