Շատերն անհամաչափ որակեցին օրեր առաջ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների գործողությունները, ոմանց համար էլ հարմար առիթ դարձավ տեղի ունեցածը ազգամիջյան խնդիր ներկայացնել:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային նախ նկատեց. «Ընդհանուր առմամբ, ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններից այդ թեմայով այն բանից հետո, երբ ծանոթացա հայկական եւ վրացական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվություններին: Առաջին հերթին, տեղեկատվությունն ամենուր գործնականում չի համապատասխանում իրականությանը, հանդիսանում է տենդենցային եւ նպաստում է միջմշակութային խառնաշփոթի բռնկմանը: Նման մոտեցումը ոչ միայն դիմակայություն է ուժգնացնում հենց գյուղում, այլեւ կարող է բացասաբար ազդել այնպիսի թեմաների վրա, որոնք ուղղակիորեն կապ չունեն այդ միջադեպի հետ: Բացառություն անեմ եւ մի քանի խոսքով ասեմ կարծիքս: Բացարձակ ճիշտ է, եկեղեցին կառուցվել է որպես վրացական (դա տեսանելի է նույնիսկ ոչ մասնագետներին եւ նկատելի է նշումներից, ատրիբուտներից, ճարտարապետությունից), եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է գնալ եւ ինքը համոզվել դրանում: Որքանով ինձ հայտնի է, հայկական եկեղեցին չի վիճարկում եկեղեցու ծագումը: Պատմականորեն այնպես է ստացվել, որ եկեղեցու շուրջ հայկական գյուղ է գտնվում եւ բնական է մի քանի սերունդներ ընտելացել են այն սեփական կյանքի մի մասը համարելուն»:
Այնուհետեւ մեր զրուցակիցը հավելեց. «Ավելի քան վստահ եմ, որ միջադեպը հենց այս փուլում կարող էր որոշակի խմբերի կողմից սադրանք լինել, որոնք հետաքրքրված են իրենց քաղաքական շահերը բավարարել՝ մարդկանց մանիպուլացման ենթարկելով: Բացի այդ, առաջարկում եմ մտածել այն մասին, թե ինչի կարող են հանգեցնել նման սրացումները տարածաշրջանային համատեքստում եւ բացահայտել շահագրգիռ կողմերին, որոնք ունակ են ազդել նման միջադեպերի ստեղծմանը: Կարծում եմ, դա դժվար չէ»:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք հոկտեմբերի 6-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ