Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Արշակյանի կողմից հրապարակած հոդվածի տակ դրված մեկնաբանությունը իր մեջ սպառնալիքներ է պարունակում, այն ավելի քան իրական է». ՀՔԱՎ-ը դիմել է դատախազին

Հոկտեմբեր 05,2017 13:29

ՀՔԱՎ նամակը՝

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Պարոն գլխավոր դատախազ, 2017թ. հոկտեմբերի 1-ին www.medialab.am կայքում հրապարակել է «Գորիկ Հակոբյան. Հրեշը» վերնագիրը կրող Մհեր Արշակյանի հեղինակային նյութը: Նյութը հրապարակվել է նաև «www.facebook.com» սոցիալական ցանցում, որտեղ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ում անվանումը գրված է հունարեն տառերով մեկնաբանություն է գրել հետևյալ բովանդակությամբ` «Ամեն առավոտ տնեցիքիդ գիրկընդխառը հաջող կանես դուս գալուց առաջ, չի մարսվելու ես հոդվածդ.. այ ոչ մի ճանփա չանցած ուրիշի տղա»:

Նշված հոդվածի տակ թողնված մեկնաբանությունը իր մեջ սպառնալիք է պարունակում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ, կապված իր կողմից հրապարակված նյութի հետ: ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: ՀՀ վճռաբեկ դատարանը 2012 թվականի հունիսի 8-ին թիվ ԿԴ1/0025/01/11 վճռով անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածին` Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ սպանության սպառնալիքի հետ մեկտեղ այն պատասխանատվություն է նախատեսում առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու իրական սպառնալիքի համար: Այսինքն` նշված հանցակազմի օբյեկտը հավաքական բնույթ է կրում, այն բաղկացած է մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև սեփականության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններից: Սպառնալիքը մարդու նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որը նպատակ է հետապնդում վախեցնել նրան, առաջացնել տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում:

Սույն պարագայում «www.facebook.com» սոցիալական ցանցում հունարեն անուն-ազգանունով օգտատերը հրապարակայնորեն սպառնալիքներ տալով նպատակ է հետապնդում վախեցնել տագնապ առաջացնել, լրագրող Մհեր Արշակյանի մոտ: Նախորդ կետում վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման 18-րդ կետի համաձայն՝ սպառնալիքի հանցակազմի պարտադիր հատկանիշներից են՝ սպառնալիքի կոնկրետությունը և իրական լինելը: Տվյալ դեպքում կոնկրետությունը ենթադրում է այն հանգամանքի հստակեցում, թե ինչպիսի վնաս է սպառնում պատճառել հանցավորը` սպանել, առողջությանը ծանր վնաս պատճառել, թե խոշոր չափի գույքային վնաս հասցնել: Սպառնալիքն իրական է համարվում այն դեպքում, երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից: Այլ կերպ ասած` տուժողը պետք է կարծի, որ սպառնալիքի իրականացումը հնարավոր է: Օբյեկտիվ իրադրության գնահատումը ենթադրում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, հանցավորի և տուժողի միջև հարաբերությունների բնույթը, հանցավորի անձը և այլն: Մհեր Արշակյանի կողմից հրապարակած հոդվածի տակ դրված մեկնաբանությունը իր մեջ սպառնալիքներ է պարունակում, այն ավելի քան իրական է: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով սպանություն կատարելու սպառնալիքի իրական լինելը՝ դիմում եմ Ձեզ քրեական գործ հարուցելու սպանության սպառնալիք տված անձին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Կից ներկայացվում է՝ Մհեր Արշակյանի կողմից www.medialab.am կայքում հրապարակված հոդվածը, «www.facebook.com» նշված հոդվածի տակ դրված մեկնաբանությունը և այն թողնող անձի ֆեյսբուքյան էջի լուսանկարները:

Հարգանքով՝  

Կազմակերպության նախագահ՝    Արթուր Սաքունց

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031