Պետգույքի մասնավորեցման 2006-2007 թթ ծրագիրը կատարելու 2016-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու հարցն այսօր քննարկվեց խորհրդարանում:
Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ հաշվետվությունում, բացի աճուրդով վաճառքից, ինչո՞ւ է տեղի ունեցել ուղղակի վաճառք մի քանի անձանց: Ըստ Գորգիսյանի, եղել է դեպքեր, երբ մասնավորեցվել ու սնանկ է ճանաչվել գործարանը, կոնկրետ մարդիկ հարստացել են, աշխատատեղերը փակվելու դրա համար չպե՞տք է որոշ մարդիկ պատժվեն՝ սխալ շահագործողի հանձնելու համար:
Արման Սահակյանը պատասխանեց, որ մասնավորեցումից հետո սնանկացում չի եղել, «վատառողջ» ընկերություններ են եղել, գնացել են սնանկացման. «Մասնավորեցման ծրագրի մեջ եղած ընկերություններից 3-ն են սնանկացել: Ուղիղ վաճառքներ օրենքը չի արգելում, օրենքը հնարավորություն տալիս է, որ եթե կա նորմալ առաջարկ, ուղիղ վաճառք իրականացնել»:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ ԱԺ էր բերել «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացնելու հարցը: Նա ներկայացեց սնդիկի վտանգավորությունը, արտանետումների ազդեցությունը եւ այլն: Կոնվենցիան վավերացնելով՝ մեր կառավարությունը պարտավորվում է վերահսկել սնդիկ պարունակող արտադրությունները եւ փոխարինել այն ավելի անվտանգ եւ էկոլոգիապես ընդունելի սարքավորումներով:
Սրա համար կա նաեւ տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն: Ճապոնական կառավարությունը 200 հազար դոլարի սարքավորումներով օժանդակելու է Հայաստանին:
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց. «Կան այդպիսի մարդիկ, որ դեռ Խորհրդային տարիների ջերմաչափեր են օգտագործում կամ տարբեր իրեր, որոնք շատ վնասակար են, կոտրվելու դեպքում շատ մեծ վնաս է հասցվում, ի՞նչ աշխատանք է տարվում հասարակության հետ այս առումով:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ մինչեւ կոնվենցիայի ստորագրումը մեծ քարոզարշավ է իրականացվել. «Մենք պետք է ձգտենք եւ հասնենք այն բանին, որ սնդիկ պարունակող սարքավորումները աստիճանաբար շրջանառությունից դուրս գան եւ փոխարինվեն: 2020-ից ՀՀ-ում չպետք է գործեն դրանք: Տնտեսվարողներին, քաղաքացիներին խթանելու ենք, շահագրգռելու ենք, որ բերեն հանձնեն եւ մենք այն սարքավորումը, որը կունենանք, կոչնչացնենք այդ ապրանքները»:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ կենցաղում սնդիկի հետ կապված շատ խնդիրներ կան. «Մեր տնային տնտեսուհիները փորձում են ավելով կամ փոշեկուլով հավաքել կոտրած ջերմաչափի կամ ճնշման գործիքի սնդիկները, ինչը բացարձակ կապ չունի անվտանգության կանոնների հետ: Մասնագիտական ծառայությանը դիմում են եզակի դեպքերում»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանը պայմանագրով պարտավորվում է հրաժարվել սնդիկ պարունակող տոնոմետրերի, ջերմաչափերի արտադրությունից ու ներմուծումից: Նա նշեց, որ հատկապես մանկական խաղալիքների հետ կապված մեծ մտահոգություններ են եղել աշխարհում, ցանկացած պահի նման ապրանք կարող է ներկրվել Հայաստան, եթե արդեն չի ներկրվել: Ներկերի մեջ սննդի տոկոսը բարձր է լինում եւ իր վտանգավոր ազդեցությունն է թողնում երեխաների, աճող օրգանիզմների վրա:
Կոնվենցիան որոշակի պարտավորություններ է ենթադրում, նաեւ՝ ֆինանսական: Առայժմ դրամաշնորհների հաշվին դա հնարավոր կլինի լուծել, բայց չեն բացառվում նաեւ բյուջեից հատկացումներ: Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե հիմա հատկացումներ չարվեն դրա համար, հետագայում բյուջեից շատ ավելի լուրջ միջոցներ են անհրաժեշտ լինելու՝ սնդիկի հասցրած վնասը շրջակա միջավայրի եւ մեր քաղաքացիների առողջության վրա չեզոքացնելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ