Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը վկաներ ունի, թե ինչպես է Գեղամյանը «խուլիգանի» նման հարձակվել իր վրա. «Ելքը» պահանջում է էթիկայի հանձնաժողով ստեղծել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2017 12:53

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադարձավ այն միջադեպին, որը տեղի էր ունեցել իր եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի մեջ: Նա հայտարարեց՝ «Մոտ մեկ ժամ առաջ ԱԺ միջանցքում ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա եւ հետաքրքիրն այն է, որ նա հիմա հերքում է: Վկաներ են եղել՝ ե՛ւ լրագրող, պատգամավոր, ԱԺ-ի անվտանգության աշխատակիցներ: Մենք պարզաբանում ենք պահանջում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀԿ խմբակցությունից: Հստակ պետք է պարզաբանվի, թե այս խուլիգանական պահվածքն ինչ կապ ունի Վահրամ Բաղդասարյանի՝ ոչ հեռավոր անցյալում արտահայտած այն մտքի հետ, թե ձեր պոդյեզդները զգույշ մտեք, կարող է ինչ-որ բաներ տեղի ունենա»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հետեւություններ կանեն՝ հետագայում ԱԺ-ում աշխատելու վերաբերյալ:

Նիստը վարող Միքայել Մելքումյանն ասաց, որ բոլորն իրենց մտահոգությունն են հայտնում եւ իսկապես պետք է լինեն պարզաբանումներ, գնահատականներ:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ միջադեպից տեղյակ չէ, բոլոր դեպքերում դատապարտելի է քաղաքական մշակույթի մեջ ցանկացած միջանձնային հարաբերությունները ոչ քաղաքական գործիքակազմով լուծելու փորձ. «Թե ինչ է եղել իրականում եւ ոնց՝ ժամանակ կլինի, եւ դուք, եւ պարոն Գեղամյանը եւ ձեր, մեր խմբակցությունները այդ հարցին կանդրադառնան»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պահանջեց գնահատական տալ Գեղամյանի պահվածքին, դատապարտել: Նա ասաց, որ որեւէ պատգամավորի միջանցքում ծեծի ենթարկելը անթույլատրելի է:

Նա հիշեցրեց, որ թուրքական պառլամենտում էլ Կարո Փայլանին են ծեծի ենթարկում ու պետք է լինեն դատապարտող հայտարարություններ ՀՀԿ-ից. «Պետք է կարողանանք ցույց տալ, որ մենք ազատ խոսքը կաշկանդելու միջոցներ չենք փնտրում այս դահլիճում, որեւէ մեկի անուն տալը չպիտի ենթադրի, որ պատգամավորին ծեծի ենթարկեն»:

Արմեն Աշոտյանը զարմացած էր՝ ԱԺ ամբիոնին մոտեցել էր՝ սնդիկի հետ կապված «ամենաանշառ» թեմայով զեկուցելու ու քաղաքական գնահատականներ են պահանջում մի ծեծի մասին, որից տեղյակ չէ:

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ պահանջում են էթիկայի հանձնաժողով ստեղծել, որը գնահատական կտա կատարվածին:

Արմեն Աշոտյանը դեմ չէր էթիկայի հանձնաժողովում հարցը քննարկելուն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031