Վաղը տարածաշրջան ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտադրությունների հետ կապված` մեր քաղաքական շրջանակներում ու մամուլում ծավալվող քննարկումներն արտացոլում են այն արտաքին ազդակների ողջ հանրագումարը, որոնք ներկայումս ակտիվորեն գործում են Ղարաբաղյան բանակցային գործընթացում եւ նրա շուրջ։
Պատճառն այն է, որ մեզանում գործում է հետեւյալ մտայնությունը. եթե համանախագահները ներկայումս վճռական են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու հարցում, ուրեմն ինչ-որ բան են պատրաստել կողմերի համար։ Իսկ այդ ինչ-որ բանը չի կարող չշոշափել կողմերի արմատական շահերը, որոնց դիրքորոշումները գտնվում են տրամագծորեն հակադիր բեւեռներում։
Ակնհայտ է, սակայն, որ Ղարաբաղյան հակամարտությունը միակն է տարածաշրջանային կոնֆլիկտների շարքում, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջեւ գոյություն ունեցող գլոբալ տարաձայնությունները չեն խանգարում վաղօրոք նրանց մշակած Մադրիդյան սկզբունքների քննարկմանը։
Այստեղ կարելի է լիովին համաձայնվել carnegie.ru-ում հրապարակված Սերգեյ Մարկեդոնովի հոդվածի դրույթների հետ մի էական վերապահումով. կարեւորը ոչ թե այն է, թե ինչ է դրված բանակցային սեղանին, այլ թե ինչպես են վերաբերվում միջնորդները դրա իրականացմանը։ Այսինքն՝ կարեւորը նրանց վերաբերմունքն է բանակցություններն արագացնելու կամ դրանց նոր սառեցումն ապահովելու խնդրին։ Եվ հենց այստեղ է, որ ակնհայտ է դառնում բանակցությունների ներկա հանգրվանի հիմնական յուրահատկությունը։
Ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա հանգրվանում միջնորդներին հետաքրքրում է միայն ու միայն պատերազմի սանձազերծումը բացառելու հարցը, ուստի մյուս խնդիրները ստորադասվում են այս հիմնական առաջադրանքին։ Այստեղ տիրող կացությունը հիշեցնում է հակադրությունների միասնության ու պայքարի հեգելյան օրենքը։
Համաշխարհային ուժի տարբեր բեւեռները հիմնականում միակարծիք են սեղանին դրված փոխզիջումային փաթեթի բովանդակության հարցում, իսկ նրա խաղաղ իրականացման անհրաժեշտության հարցում գոնե առայժմ չեն էլ կասկածում։ Խնդիրը միայն այն է, թե ինչպես է ապահովվելու այս սցենարի իրականացումը պատերազմի համար քարտ-բլանշ փնտրող Ադրբեջանի շտապողականության պայմաններում։
Այստեղ է, որ անհրաժեշտ են երկու կողմերի առաջին դեմքերի պարբերական հանդիպումները եւ դրանց նախորդող հավանական փոխզիջումների քննարկումները։ Անշուշտ հենց այդ համատեքստում են ռուսական մամուլի կողմից ասպարեզ նետվող վարկածները, այսպես կոչված, Լավրովի պլանի վերակենդանացման եւ նրա շրջագծում Հայաստանից ակնկալվող միակողմանի զիջումների մասին։ Դրանք հենց այն են, ինչ սպասում է Բաքուն վերջին տարիների ընթացքում։
Բայց քանի որ այդ սպասումների իրականացման համար Ադրբեջանը չունի պատերազմի վերսկսման թույլտվություն, ապա ամեն ինչ հանգում է Հայաստանի ղեկավարության վրա հնարավոր ճնշումների տարբերակին։ Սակայն ի՞նչը կարող է ազդել Հայաստանի դիրքորոշման վրա, եթե ակնհայտ է, որ պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին, անգամ Թուրքիային, իսկ Բաքուն միայնակ պարզապես չի դիմի նման քայլի։
Եվ հենց այստեղ է, որ մեջ է բերվում Հայաստանի ներքաղաքական օրակարգը, ավելի ճիշտ՝ 2018-ի իշխանության հարցը սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Ի՞նչ է սա՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու լծա՞կ, թե՞ Հայաստանում ներքաղաքական հարցեր լուծելու եղանակ։
Երկու ենթադրությունն էլ կարող են քաղաքացիության իրավունք ունենալ, բայց միայն ենթադրության մակարդակում, քանի որ դրանք իրականություն դարձնելու իրական հնարավորություններն ուղղակի զրոյական են։ Չկա որեւէ հայ, որ այլ կարծիք ունենա Ղարաբաղի հարցում, ուստի ով էլ լինի իշխանություն՝ նույնն է անելու։
Բայց ինչու են այդ դեպքում ծավալվում նման քննարկումները՝ Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ հանդիպումից առաջ, ո՞ւմ է դա ձեռնտու։ Անկասկած Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք Ղարաբաղի հարցը դիտում են իբրեւ Հայաստանին ներքաղաքական օրակարգ թելադրելու լրջագույն լծակ։
Այս տեսանկյունից բնական է, որ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման նախօրեին փորձ է արվում գործի դնել մեր երկրին ու նրա ղեկավարությանը «իր տեղը ցույց տալու» քարոզչական հնարքը։ Այս համատեքստում սպասելի են առանձին պետական գործիչներին ուղղված՝ հստակորեն թիրախավորված գնահատականներն ու նախազգուշացումները՝ կարմիր գիծը չհատելու անհրաժեշտության մասին։
Կարծում ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցից առաջ թեպետ միջնորդ երկրներից յուրաքանչյուրը փորձում է իր ներքաղաքական օրակարգը թելադրել մեր երկրին, սակայն բանակցային գործընթացից նրանց իրական սպասելիքները հանգում են խաղաղության պահպանման խնդրի լուծման տարբերակների փնտրտուքին։ Դրանցից լավագույնն է համարվում Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ բարձր մակարդակի հանդիպման կազմակերպումն ու նրանում կարգավորման առանձին մանրամասների մանրակրկիտ քննարկումը։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում