Խորհրդարանում քննարկվում է նոր պայմանագիր, որը ՀՀ-ն կնքել է ՌԴ-ի հետ: Այն ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին է եւ պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն է իրականացվելու:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանին համեմատեց «ղումարբազի»՝ խաղամոլի հետ՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում. «Պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ասում են՝ մի մեշոկ ցորեն ունենաս՝ հատիկ-հատիկ ձեռիցդ կտանեմ: Հիմա այս պայմանագրերով եւ ընդհանրապես վերջին 20-25 տարվա ընթացքում ՌԴ-ն հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեզնից տանում է: Մենք էլ նայում ենք՝ հա, միջազգային պրակտիկա է, նորմալ է, ընդունված է, ի՞նչն է ընդունված: Ինչի՞ մասին է այս պայմանագիրը, որ ՌԴ-ն պետք է գա եւ վերահսկի՝ մեզ մատակարարված իսկանդերը տեղո՞ւմ է, թե՞ տեղում չի, ճի՞շտ նպատակով է օգտագործվել, թե՞ ճիշտ նպատակով չի օգտագործվել: Սա վերահսկողական մեխանիզմ է, որը հասնելու է այնտեղ, որ իսկանդերը օգտագործելիս պիտի մի հատ ճշտես՝ հա՞ կասեն, թե՞ չէ»:
Փաշինյանին մտահոգել էր այն, որ նույնպիսի պայմանագիր ՌԴ-ն Ադրբեջանի հետ էլ չի կնքել, որ գնա վերահսկի՝ Հայաստանի վրա քանի «Սմերչ» է բաց թողել կամ չի թողել:
Նա անդրադարձավ Գեղամյանին. «Արտաշես Գեղամյանը կոմունիստական կուսակցության եւ ազգային միաբանության անդամ է, ասում է՝ Արաքսն անցնենք, մտնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա ՀՅԴ-ի հռետորիկան է, դրա հետ ի՞նչ գործ ունեք, խոսեք լենինիզմի մասին, մարքսիզմի մասին, Մուշի, Արաքսի հետ ի՞նչ գործ ունեք»: Այստեղ Գեղամյանը տեղից սկսեց բղավել, թե չափդ մի կորցրու:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ որոշ ՀՀԿ-ականների, մասնավորապես՝ Միհրան Հակոբյանի պատմության դասերին, թե ձեզ թվում է թուրքերը նո՞ւյնն են մնացել. «Ո՞վ է թուրքերից խոսում, բոլորն են նույնը, մենք չենք ասում թուրքերը փոխվել են, մենք ասում ենք՝ ռուսներն էլ չեն փոխվել, եվրոպացիք էլ չեն փոխվել, ամերիկացիք էլ չեն փոխվել: Պատմության դասեր եք տալիս ստեղ, գնացեք ինքներդ սովորեք, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երբ հողեր էին վերցնում թուրքերից, ի՞նչ էին ասում, ասում էին՝ հայերին այդտեղից ռադ արեք, կազակներին կբերեք կբնակեցնեք: Եթե այդպես չի եղել, գրքեր կտամ, թող մի քիչ ձեր կրթական ցենզը բարձրանա»:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն արձագանքեց՝ ասելով, որ անհիմն են Փաշինյանի խոսքերը. «Դուք այդպես էլ չհասկացաք Հայաստանի ռազմական անվտանգության համակարգը»: Ըստ նրա, այս համաձայնագրերը ավելի են ամրապնդում ռազմական անվտանգության մակարդակը:
ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ վստահեցրեց, որ մեր ինքնիշխանությանը այս պայմանագրից վնաս չի լինի. «Մենք միջազգային իրավունքի սուբյե՞կտ ենք, թե՞ վախեցած պետություն, որը վախենում է այլ երկրների հետ որեւէ հարաբերություն ունենալ, որ հանկարծ իր դրոշակը մի փոքր չթեքվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ