ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերն առաջին անգամ է ժամանում տարածաշրջան և իր այցը սկսել է ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերներից մեկ-երկու օր շուտ: Տարածաշրջանային հենց առաջին հրապարակային հանդիպումներով` Շոֆերը շատ լուրջ քաղաքական բովանդակություն է հաղորդել ոչ միայն իր այցին, այլ նաև` Վաշինգտոնի աստիճանաբար ուրվագծվող ղարաբաղյան քաղաքականությանը, այն տարածաշրջանային օրակարգին, որն առաջնահերթ է ամերիկյան տեսանկյունից:
Ամերիկացի համանախագահի տարածաշրջանային առաջին կանգառը եղել է Ստեփանակերտը, որտեղ դիվանագետը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ: Այս հանդիպումների օրակարգը, բովանդակությունը, տվյալ պարագայում, երկրորդական են, որովհետև չափազանց կարևոր է Շոֆերի միջնորդական մեկնարկի աշխարհագրական սկզբնակետը, որն իր մեջ, անտարակույս, քաղաքական նշանակություն է պարունակում: Շոֆերն` երեկվա այցով, ըստ էության, հրապարակային մեսիջ է փոխանցել, որ իր կառավարությունը փաստացի ճանաչում է Արցախի գոյությունը և նաև կարևորում է նրա սուբյեկտությունը` նոր համանախագահի գործնական միջնորդության մեկնարկը տալով հենց Ստեփանակերտում:
Այս հանգամանքը խիստ էական է նաև ղարաբաղյան հակամարտության բովանդակային ընկալման տեսանկյունից, որովհետև կարգավորման գործընթացի Հայաստան – Ադրբեջան ձևաչափն որոշակիորեն ձևախեղել է միջազգային հանրության պատկերացումները հակամարտության էության մասին: Շոֆերը, կարծես թե, հրապարակային ազդանշան է տալիս, որ առաջին հերթին կարևորություն է տալիս Արցախի ժողովրդի տեսակետներին, դիրքորոշմանը:
Սարգիս Արծրունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում