ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն է իրականացվելու: Այդ մասին պայմանագիրը այսօր քննարկվում է ԱԺ-ում:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարցրեց՝ մենք խնդիր չե՞նք ունենա, չի՞ կարող Ադրբեջանը դրդել եւ խնդիրներ առաջանալ: Օրինակ, Ադրբեջանը պահանջի, որ պայմանագիրը չի կատարվում, պետք է վերահսկողություն լինի:
Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ առանձնապես կարեւորվում է վերջնական օգտագործման հավաստագիրը, պետք է նշվի, որ ռազմական նշանակության արտադրանքը օգտագործվել է ՀՀ ԶՈՒ շահերից ելնելով. «Մենք կարող ենք օգտագործել հենց այդ համատեքստում: Ինչ վերաբերում է երրորդ պետությունների գործողություններին, մենք որեւէ բան չենք կարող բացառել, ցանկացած երկիր կարող է որոշակի հարաբերության մեջ մտնել մեր դաշնակցի հետ: Բայց մենք այս համաձայնագրով իրավական որոշակի դաշտ ենք սահմանում, որ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման դեպքում հսկողություն իրականացվի: Սա կատարվում է երկու պետությունների ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում»:
Գեւորգ Գորգիսյանին անհասկանալի է, ինչո՞ւ ենք մենք պայմանագիր ստորագրում ՌԴ-ի հետ, որ հսկողություն իրականացվի. «Եթե սա մեզ պարտադրվել է, ասենք այդ մասին, որ մեզ պարտավորել են զենք վաճառել միայն այդ պայմանով: Որտեղի՞ց է գալիս անհրաժեշտությունը: Եթե մեզ պարտադրել են եւ սա միակ նախապայմանն է, որի դեպքում մենք հնարավորություն կունենանք ստանալ զենք՝ ասեք այդ մասին: Իսկ եթե մեր առջեւ պարզապես դրվել է, որ պետք է գանք վերահսկենք որտեղ է ձեր զենքն օգտագործվել…ռազմական գաղտնիք էլ կա»:
Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ որեւէ պարտադրանք չկա, սա մենք ստորագրել ենք՝ ելնելով մեր ռազմական անվտանգության շահերից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ