Էդուարդ Շարմազանովը պնդում է` «Հայաստանը միայնակ
չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը»
«Իմ ասածը բխում է Հայաստանի անվտանգության ռազմավարությունից, ՀՀ-ի ռազմական դոկտրինից եւ առնվազն մի քանի տասնամյակների իրողություններից: Առաջին` աշխարհում, բացառությամբ որոշ գերտերությունների, ի դեպ, վերապահումներով, հայտնի չէ մի երկիր, որը միայնակ կարող է ամբողջությամբ եւ կատարյալ պաշտպանական համակարգ ունենալ: Դա լինում է այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքի հետ սերտ համագործակցելով կամ անդամակցելով այդ դաշինքին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երեկ խորհրդարանում քննարկվում էր ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցը: Իր ելույթում Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Հայաստանը միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը»: Այս արտահայտությունը երեկ շատ քննարկվեց նաեւ խորհրդարանից դուրս: Քննարկումներն ԱԺ փոխխոսնակին չեն կաշկանդել, ոչ էլ դդել են վերանայել կարծիքը: Հաստատելու համար իր տեսակետը՝ մեր զրուցակիցը օրինակներ է բերում: Ասում է` ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը, Մերձբալթյան երկրները, Լեհաստանը, ԵՄ անդամ Կիպրոսը, որոնք, ըստ իրենց, ունեն բավականին լուրջ մարտահրավերներ եւ սպառնալիքներ, ընդունում եւ հայտարարում են, որ առանց ՆԱՏՕ-ին անդամակցության իրենք չեն կարող միայնակ եւ ամբողջությամբ լուծել իրենց անվտանգության հարցերը: Հավելում` Հայաստանը, եւս ունենալով տարբեր սպառնալիքներ Թուրքիայից եւ Ադրբեջանից, անդամակցում է ՀԱՊԿ-ին:
«Բնականաբար, երբ ասում ենք պաշտպանական համակարգ, նկատի չունենք միայն ավտոմատով գնալ այնտեղ եւ կռվել: Մենք նկատի ունենք եւ սպայական կազմի վերապատրաստումները, եւ տեխնիկական զինումները, եւ մատչելի գներով զինվորական տեխնիկա ստանալը: Բա եթե մենք միայնակ ամբողջությամբ կարող էինք իրականացնել դա, ռուսական ռազմաբազան այստեղ ի՞նչ է անում: Ձեւի համա՞ր ենք պահում: «Իսկանդերը», «Իգլան», «Ստելան» մե՞նք ենք արտադրում: Նրանք, ովքեր խոսում են այն մասին, թե Հայաստանը միայնակ եւ ամբողջությամբ կարող է ունենալ կատարյալ պաշտպանական համակարգ, կա՛մ տվայտանքների մեջ են, կա՛մ էլ զբաղված են քաղաքական ավանտյուրայով: Կողմնորոշվեք` «Իգլան» եւ «Իսկանդերը» մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»,- ասում է Էդուարդ Շարմազանովը` կրկնելով` Հայաստանը մտել է ռազմաքաղաքական դաշինք, տվյալ պարագայում՝ ՀԱՊԿ, իր անվտանգությունն առավել ամուր եւ ամբողջական պահելու համար: «Ի՞նչ է, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, հիմա էլ Սերժ Սարգսյանը ձեւի համար են հա՞ Հայաստանում պահել ռուսական ռազմաբազան»,- ընդդիմախոսներին հեգնում է ԱԺ փոխխոսնակը: Նաեւ հավելում` 21-րդ դարում «Իսլամական պետության» եւ ահաբեկչության սպառնալիքի առջեւ նույնիսկ եվրոպական կատարյալ ժողովրդավարական երկրները չեն կարողանում միայնակ ապահովել իրենց անվտանգությունը: «Ես նոր բան չեմ ասել, եթե այդ մարդիկ նոր են արթնացել` թող սթափվեն. ռուսական ռազմաբազան տարիներ շարունակ այստեղ է եւ այստեղ է նախեւառաջ ՀՀ-ի անվտանգության եւ պաշտպանական համակարգի համար: Եթե իրենք դեմ են Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին, դա էլ քաղաքական ճաշակի խնդիր է: Մենք գտնում ենք, որ ՀՀ-ն պետք է շարունակի մնալ ՀԱՊԿ-ում եւ զարգացնի իր անվտանգային համակարգը ՌԴ-ի հետ: Բայց անկախ նրանից` Հայաստանը կլինի ՀԱՊԿ-ում, թե ՆԱՏՕ-ում, միայնակ չի կարող ունենալ ամբողջական եւ կատարյալ պաշտպանական համակարգ»,- պնդում է մեր զրուցակիցը:
Դիտարկմանը` ամենով հանդերձ, ապրիլյան պատերազմը «ջրի երես» հանեց հայ-ռուսական հարաբերությունների խնդրահարույց կողմերը, մանավանդ, մինչ այդ եւ այդ պատերազմական գործողություններից հետո առավել եւս ՌԴ-ն շարունակում է սպառազինել ՀՀ-ի հակառակորդ կողմին, ԱԺ փոխխոսնակը հայտնի հակադարձումն է հնչեցնում. «Ինձ հայտնի չեն կատարյալ եւ իդեալական ռազմաքաղաքական դաշինքներ»: Օրինակներ էլ է բերում. «Նույն ՆԱՏՕ-ն, որը համարվում է բավական լուրջ ռազմաքաղաքական կառույց, ունի անդամներ, որոնք միմյանց հետ լուրջ խնդիրներ ունեն: Օրինակ՝ 2003 թվականին ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ը Իրաքում ցամաքային օպերացիա էր ցանկանում իրականացնել. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չտրամադրեց իր տարածքը: ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան դեմ հանդես եկավ ԱՄՆ-ի որոշմանը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 1974 թվականին բռնազավթեց ԵՄ անդամ Կիպրոսի 40 տոկոսը: Թուրք-հունական ռազմական հարաբերությունները բավական լարված են»: Մեր զրուցակիցը հատուկ ընդգծում է. «Հայաստանը ՌԴ-ի համար չի մտել ՀԱՊԿ, եւ ՌԴ-ի համար չենք պահում ռուսական ռազմաբազան: Ռուսական ռազմաբազան Հայաստանում է, որովհետեւ դա բխում է ՀՀ-ի պետական անվտանգության շահից:
Այսօրվա Թուրքիան մանավանդ, իր նախագահով եւ ոչ ադեկվատ վարքագծով, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար` իր կրտսեր եղբայր Ադրբեջանի հետ միասին»: Նկատեցինք` գուցե վրդովեցնում է այն, որ հայ իշխանավորները Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունը ներկայացնում են բացառապես Հայաստանի շահի տեսանկյունից, մինչդեռ ՌԴ-ն էլ իր շահերն ունի, եւ այս տեսանկյունից արդեն այդ ռազմաբազայի գոյությունը փոխշահավետ է: Էդուարդ Շարմազանովը համամիտ է` շահը երկկողմ է. ՌԴ-ն Կովկասում իր հետաքրքրություններն ունի, ռազմաբազայի գոյությունն էլ Հայաստանին ձեռնտու է. «Քաղաքականության մեջ միակողմանի շահ չի լինում, եւ հայ իշխանավորները որեւէ պարագայում ռուսական ռազմաբազան բացառապես Հայաստանի շահի տեսանկյունից չեն ներկայացնում: Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին չպետք է դիտարկել որպես լավություն ՀԱՊԿ անդամ երկրներին կամ ռուսական կողմին: Դրանք բխում են մեր պետական շահից: Ինչպես նաեւ չպիտի դիտարկենք լավություն, որ ռուսական ռազմաբազան այստեղ է: Երկու պետությունների շահերը համընկնում են: Ինչպես համընկնում են միացյալ զորախմբի ստեղծման հարցում: Առաջիկայում Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրել: ԵՄ համա՞ր ենք անում: Բնականաբար, մենք անում ենք մեր շահերից ելնելով, իրենք` իրենց»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
05.10.2017