ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ողջույնի խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ
Սիրելի ուսուցիչներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Իր կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:
Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի և նորանկախ պետության ուշադրության կենտրոնում: Այսօր համակարգը լուրջ բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում ուսուցչին մեծ ու պատասխանատու դեր է վերապահված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իր հեղինակությամբ ու կատարած աշխատանքով արժանանա հասարակության բարձր գնահատանքին: Այդ ամենին հասնելու համար ուսուցչից պահանջվում է ուժերի և կարողությունների առավելագույն ներդրում: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է և, միաժամանակ, նրա գործունեության գնահատականը: Պետք է միշտ հիշել, որ մեր երկրի ու ժողովրդի ապագա հաջողությունների սկիզբը դրվում է այսօր, և դրանում ուսուցչի աշխատանքը որոշիչ է:
Այս տոնական օրն իմ շնորհավորանքն եմ հղում նաև Սփյուռքի և Արցախի բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց ուսերին են կրում ազգապահպանման կարևոր առաքելությունը:
Շնորհավորելով մեր բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա կապակցությամբ` մաղթում եմ առողջություն և նորանոր հաջողություններ:
Լավագույն ցանկություններով՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ