Լուսանկարում Արմավիրի մարզի Պտղունք գյուղի դպրոցն է: Այս դպրոցը 4-րդ կարգի վթարային է: Դպրոցի սաներից Մարիամիկը մեծ դժվարությամբ է հաղթահարում մուտքի աստիճանները, նա հենաշարժողական խնդիրներ ունի, միայնակ դժվարությամբ է տեղաշարժվում: Դպրոցի տնօրինությունը մուտքի մոտ թեքահարթակ տեղադրելու հնարավորություն չունի, համենայնդեպս, այդպես է վստահեցնում տնօրենը:
Մարիամիկն ասում է՝ իր խնդրանքով աստիճանների կողքին հենակ են տեղադրել, որպեսզի նա գոնե բռնվելով կարողանա մուտք գործել դպրոց: Դպրոցի հատակն էլ փտած է, Մարիամիկն ասում է՝ քայլելիս ոտքը մնացել էր հատակի փայտյա տախտակների արանքում:
Մինչդեռ դպրոցի տնօրինությունը վստահեցնում է՝ ընտրություններից առաջ թեկնածուները այցելում են դպրոց, տեսնում շենքային անմխիթար պայմանները, խոստումներ տալիս, ձայներ ստանում ու «կորում»:
Մեր հանրապետությունում բազմաթիվ դպրոցներում շարունակվում են ոտնահարվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները. բազմաթիվ դպրոցներում անգամ թեքահարթակների խնդիրը չի լուծվում:
Լուսանկարը՝ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
«Առավոտ»
04.10.2017