Սփյուռքահայ Հրաչ Քալսահակյանի կարծիքով՝ հայերը տեսնում են միայն դիմացինի թերացումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը` մինչեւ 2020 թվականը Հայաստանի բնակչությունը չորս միլիոնի հասցնելու մասին, ծնունդով սիրիացի, արդեն մեկ տասնամյակ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող՝ «Ազատ հայ» պարբերականի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր, Շարժայի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Հրաչ Քալսահակյանի վրա տպավորություն չի գործել: Հրաչ Քալսահակյանը սեպտեմբերի 18-20-ը Երեւանում մասնակցում էր Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովին, որտեղ ՀՀ նախագահը կրկնեց Հայաստանում արդեն քննարկվող իր թեզը: «Խնդիրը 4-5 միլիոնի մեջ չէ, թվերը հարց չեն: Խնդիրն այդ չորս միլիոնին քաղաքացու կարգավիճակով եւ լավ ապրելակերպով պահելն է: Նախընտրելի է մնան ներկայիս չափով` երեք միլիոն, բայց արժանապատիվ կյանք ունենան, քան հրաշքով մը չորս միլիոն ըլլանք եւ անվայել կյանք ունենանք: Թիվը մեզ` հայերուս համար չէ: Մենք Պակիստան, Հնդկաստան կամ Կիպրոս չենք: Մեզի համար որակն է կարեւոր: Եվ որակը պահպանելու համար գոյություն ունեցածի մասին պետք է մտածենք: Եթե գոյություն ունեցողի վիճակն ապահովենք` նոր ծնվելիք անձերը անոր ժառանգը կըլլան, նույն տունի մեջ պիտի մեծանան, հետեւաբար, նույն բարիքներեն պիտի օգտվին: Բայց եթե հայրը բարիք չի ստեղծած, զավակը որտեղի՞ց տեսնի բարիքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հրաչ Քալսահակյանը:
Մեր զրուցակիցը առանձնապես չի ազդվել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթից: «Հայաստանը զբոսավայր չէ, Հայաստանը բիզնեսի շուկա չէ, Հայաստանն անցագիր չէ: Վայ մեզի, երբ միայն այսպես մոտենանք Հայաստանին… Մի կողմեն՝ բարեսիրական գործերով, մյուս կողմեն՝ «եկեք բիզնես արաք» ըսելով, որքան էլ գնահատելի ըլլան նման նախաձեռնություններն ու կոչերը, չենք կըրնա հզոր Հայաստան կերտել: Սփյուռքը պատահական ներդրումներեն անդին կոչված է լայնածավալ ծրագրերով մասնակից դառնալու, կշեշտեմ՝ մասնակից դառնալու, Հայաստանի տնտեսության աճմանը: Սփյուռքի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը եւ Հայաստան-Սփյուռք գործակցության ծավալումը կենթադրեն սովորական ներդրումներեն անդին գործակցության դինամիկ մեխանիզմներու ստեղծում, համաշխարհայնացած տնտեսության ընձեռած լայն կարողություններու ճիշտ օգտագործում»,- ասել էր Արամ Կաթողիկոսը` հավելելով. «Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել եւ վերքերը դարմանել», եւ նկատելով. «Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից եւ այն դարձնել մեր ազգային քաղաքականության կարեւոր հիմքերից մեկը»:
Հրաչ Քալսահակյանը հիշում է՝ դեռ սովետահայ գրողներից մեկն է ասել` «Հայաստանը պանդոկ չէ, օթեւան չէ»: «Միտքը մի կողմ: Արամ կաթողիկոսը շեշտեց, որ Սփյուռքը կազմակերպված չէ, պետք է կազմակերպվի: Բայց չըսավ, թե այս երեսուն տարվա ընթացքին ո՞վ է այդ անկազմակերպվածության պատճառը: Չէ՞ որ ինքը հիմնական դերակատար է: Իր բաժինն ի՞նչ եղեր է, որպեսզի այդ վիճակին հասել ենք: Ինքն ըսավ, որ ինքնաքննադատություն պիտի ընե, բայց ինքնաքննադատությունը չշեշտավորեց: Եթե կըսես` Սփյուռքն այսպես եղավ… 30 տարի Սփյուռքի կրոնական ղեկավար ես, ո՞ւր էր քո թերացումդ: Թերեւս ինքը չընդունի, որ թերացել է: Ամեն մարդ կընդունի, որ մյուսները թերացած են: Հայաստանի մեջ ալ: Եթե մեկն ընդունի, խոստովանի, դրա արժեքը բարձր կըլլա»,- ասում է մեր զրուցակիցը:
Հրաչ Քալսահակյանն այս հավաքը համաժողով չի համարում: Ասում է` ներկայացնելու տեղ էր. յուրաքանչյուրն իր արածները, պատկերացումները ներկայացրեց, ծրագրերի մասին խոսեց. «Համա» բառը չկա, միակողմանի է: Եկել են ընտրված մարդիկ: Կըրնա հաջող ընտրություններ ալ կան: Մարդիկ եկած են, իրենց գործը կներկայացնեն` որոշները լավ, որոշները կկրնան խթանել, բայց ասիկ քննարկում չէր, ներկայացում էր: Եթե արդիական միջոցներն օգտագործեինք, այս ամենու օդանավային տոմսերը կկրնայինք խնայել, այդ գումարն այլ նպատակի հատկացնել, եւ մեր տուներեն լսել նույն բաները»: Հարցին` համաժողովը նպատակին չծառայե՞ց, մեր զրուցակիցը հակադարձեց. «Նպատակը եթե միայն մեկտեղելն է, քով-քովի բերել մարմիններ, անձեր-անհատներ, այո: Օրինակ՝ իմ անձնական նպատակներես մեկը եղավ, որ մարդու ծանոթանամ. ես այդ իրականացուցի: Ո՞րն է այս ժողովի նպատակը` փիա՞ր, նոր մարդոց հետ ծանոթանա՞լ: Այս առումով լավ ժամադրատեղին է: Ես տասնյակ մարդոց հետ ծանոթացա, որ ապագայում կըրնամ օգտագործիլ: Բայց ա՞դ է նպատակը, իրենք ադո՞ր մեջ ճամփա ելել են: Նախարարության ներկայացուցիչը, որ ընտրել էր անվստահության թեման, ներկայացո՞ւց դա, որ մտածեցինք եւ տեսանք` աս են պատճառները: Որքան խոսին հայերն իրար հետ, այնքան քիչ պատճառ կունենան միմյանց չվստահելու: Բայց վստահություն բառը ես միայն թուղթի վրա տեսա»: Մեր զրուցակիցը համահայկական նպատակների համար չի զլանում գումարներ ծախսել, բայց եթե դրանք նպատակային են ծախսվում եւ արդյունք են տալիս:
Հրաչ Քալսահակյանին տեղեկացրինք, որ գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Հայաստանի երկրորդ քաղաքական ուժը ներկայացնող դաշինքի ղեկավարը հորդորում էր ԱՄԷ-ի օրինակով զարգացնել Հայաստանը, եւ հետաքրքրվեցինք` ինքը տեսնո՞ւմ է նման ընդհանրություններ եւ հնարավորություններ: «Եթե Դուբայի հետ պետք է բաղդատենք, պետք է բաղդատենք Դուբայը 20 տարի առաջ: Դուբայն այդ ճանապարհն անցել է: Մենք կբաղդատենք անհավատալին, անհասանելին: Պետք է բաղդատել այն մասերը, որ համեմատելի են: Այլապես վիհը մեծ կթվի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ԱՄԷ-ի ղեկավարներն օգտվել են Սինգապուրի օրինակից. «Մարդիկ գնացել-ուսումնասիրել են եւ դրանց հիման վրա իրենց ծրագիրն են մշակել»: Նկատենք, որ Հայաստանում այս օրինակը բերողների պակաս չի եղել, բայց Սինգապուր դառնալու «սպառնալիքը» դեռ հեռու է մեր երկրից:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
04.10.2017