6 ամսվա ազատազրկման է դատապարտվել երիտասարդ Դ. Մ.-ն
Բարձրագույն կրթությամբ երիտասարդը ծառայել է ազգային բանակում, ունի հրաշալի կենսագրություն: Նրա վերաբերյալ քրեական գործը երկու հատոր է: Երիտասարդը մեղադրվել է իր նախկին ընկերուհուն արատավորող բնույթի մերկ լուսանկար եւ անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները սոցիալական ցանցում հրապարակելու սպառնալիքով 600 եվրո գումար պահանջելու համար: Երբ ընկերուհին նշված պահանջը չի կատարել, նա Facebook.com սոցիալական ցանցում բացել է էջ, որտեղ տեղադրել է նրա մերկ լուսանկարը եւ այն շրջանառելու սպառնալիքով պահանջել եւ ստացել է 600 եվրո:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Պաշտպանական կողմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել դատավճիռը, հռչակել երիտասարդի անմեղությունը, կայացնել արդարացման դատավճիռ, իսկ չարդարացնելու դեպքում նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել տուգանք: Տուգանքի ձեւով պատիժ չնշանակելու դեպքում էլ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Դ.Մ.-ն ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատարանում երիտասարդը ցուցմունք էր տվել, հայտնել, որ ուսանողական տարիներից ծանոթ է Լ-ի հետ: Իրենք եղել են լավ ընկերներ: Երբ աշխատելու նպատակով տարիներ հետո մեկնել է Եվրոպա, իրենք դարձյալ շփվել են: Երիտասարդը վերադարձել է Հայաստան: Նա ցանկացել է ամուսնանալ Լ-ի հետ, սակայն ուսման նպատակով այս անգամ Լ-ն է մեկնել Եվրոպա: Եվրոպայում գտնվելու ժամանակ ընկերուհին հաճախակի գումար է ուղարկել ընկերոջը:
Սակայն ըստ ամբաստանյալի. «2016 թվականին իմ մոտ կասկած առաջացավ, որ Լ-ն շփվում է այլ տղամարդկանց հետ: Որպեսզի համոզվեմ, նրան «պրովոկացիոն» հարցեր տվեցի, ասելով, թե տեղյակ եմ, որ այլ անձի հետ կապ ունես, որ «մարդ» ունեմ, ումից իմացել եմ այդ մասին, բայց ուզում եմ, որ դու ասես»:
Ի վերջո, ամբաստանյալին ընկերուհին խոստովանում է, թե ինտիմ կապի մեջ է եղել այլազգի մի տղայի հետ: Այդ խոստովանությունից հետո նրանք խզում են իրենց հարաբերությունները:
Երիտասարդը նախկին ընկերուհուն հայտնում է իր ամուսնանալու մտադրության մասին, սակայն «շանս» է տալիս նախկին ընկերուհուն՝ շփվել իբրեւ նախկին ծանոթներ:
Ըստ նրա, ընկերուհին ինքն է դիմում շանտաժի, «սարքում իր գլխին», ասելով՝ «փակել է տալու». «Ասում էր նաեւ, որ բողոքելու է, որ ես իբր ԻԳԻԼ-ի հետ կապ եմ ունեցել, տանը ատոմային ռումբ եմ սարքում ու մի շարք անհեթեթ բաներ, որոնց բանի տեղ չէի դնում»: Վրեժխնդրության հիմքում, ամբաստանյալի կարծիքով, ընկած էր ընկերուհու խանդն ու էգոիզմը:
Տուժողը նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներով հայտնել է, որ Դ.-ի հետ ծանոթացել է համացանցով. «Ուսումս շարունակելու նպատակով կրթական ծրագրով մեկնել եմ Եվրոպա: Այդ ընթացքում շարունակել եմ համացանցով եւ կապի այլ միջոցներով շփվել Դ.-ի հետ: Ելնելով մեր մտերիմ հարաբերություններից, պարբերաբար Money Gram դրամական փոխանցման համակարգով տարբեր չափերի գումարներ եմ ուղարկել Դ.-ին: Նա ծրագիր էր գրում ու ասում էր, որ տված փողերը ետ է վերադարձնելու, սակայն մինչեւ հիմա չի վերադարձրել ու չի էլ ուզում վերադարձնել: Դ.-ի խնդրանքով, հաշվի առնելով իրենց մտերիմ անձնական ինտիմ հարաբերությունները, ինքն իրեն մերկ վիճակում լուսանկարել է եւ լուսանկարն ուղարկել նրան»:
Ըստ տուժողի, ընկերն իրեն չի վստահել, պարբերաբար նեղացրել ու հոգեբանորեն ճնշել է, պարտադրել է իր որոշումները: Ընկերն իրեն հայտնել է, թե ինքն այլ ընտրյալ ունի, որի հետ պետք է ամուսնանա, ինչից հետո ինքն այլեւս չի ցանկացել շփվել նրա հետ եւ դադարեցրել է նաեւ նրան գումարներ ուղարկելը:
«Դ.-ն շարունակում էր զանգել ինձ եւ գումար էր խնդրում, ինչը ես մերժել եմ: Մերժում ստանալուց հետո, չստանալով իր պահանջած գումարները, Դ.-ն Facebook.com ինտերնետային կայքէջում իմ անվամբ՝ անհատական տվյալներով, բացել է համացանցի էջ, որտեղ տեղադրել է իմ մերկ լուսանկարը եւ այդ էջով կապ հաստատել իր եւ իր համացանցային ընկերների հետ` այդ կերպ հրապարակելով նշված լուսանկարը»,-ասել է տուժողը: Տղան սպառնացել էր նաեւ, թե այդ նկարը կուղարկի աղջկա ծնողներին:
Ի դեպ, տուժողը ստացել էր էլեկտրոնային նամակներ` հետեւյալ բովանդակություններով. «եթե մտածում ես քո եւ քո ընտանիքի ապագայի մասին, դուրս արի կապի իմ հետ, երեկոյան պատրաստվում եմ քայլերի դիմեմ ուղիղ իմաստով ու ոչ խոսքերով», «եթե կոմպրոմիսների չես ուզում գաս, ապա մի մեղադրի ինձ», «դու լավ գիտես, որ դեռ քո ազգականներից ոչ մեկին չեմ տեսել, չեմ զանգել ու չեմ գրել», «ես պատիվ չեմ պահանջում, այլ վերցնում եմ այն, ինչը ինձ է պատկանում», «նկարի պահով մի մեղադրի, դու գիտեիր, մենք պայմանավորվել էինք», «պոռնոներդ պատրաստվում եմ քցեմ աշխարհի ամենամեծ պոռնո բազայի մեջ, էնտեղից իրան-իրան ռասկրուտկայա եղնում»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
04.10.2017