Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Խոսրոեւը մասնակցել է Չիկագոյում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության հուշահամալիրի բացմանը

Հոկտեմբեր 05,2017 13:30

ՀՀ նախագահի խորհրդականին կից ազգային փոքրամասնությունների մշակույթը համակարգող խորհրդի նախագահը երազում է, որ ազգային փոքրամասնությունների մշակույթը հայաստանյան մշակույթի մասը դառնա:

Հայաստանի Հանրապետությունը 2016թ. ընդունել է ասորիների, Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Իմիջիայլոց, վերջերս Չիկագոյում բացվել է հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության հուշահամալիր: Այս առիթով հրավիրված էր նաեւ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ նախագահի խորհրդականին կից ազգային փոքրամասնությունների մշակույթը համակարգող խորհրդի նախագահ Ռազմիկ Խոսրոեւը:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Խոսրոեւը նշեց, որ Չիկագոյում ապրում է 120 հազար քրիստոնյա ասորի: Շուրջ 15 տարի է, ինչ Չիկագոյի ազգային փոքրամասնությունները հանրային հեռուստատեսության ցանցում ունեն շաբաթը մեկ անգամ երկժամյա հեռարձակվող հաղորդում: Անդրադառնալով հուշահամալիրի բացմանը, մեր զրուցակիցն ասաց, որ ներկա են գտնվել ասորական արեւելյան եկեղեցիների հոգեւոր առաջնորդները, որոնք իրենց շնորհակալական խոսքն են հղել մեր կառավարությանը՝ ասորիների ու հույների ցեղասպանությունը պետականորեն ճանաչելու համար: Ասաց նաեւ, թե իր մայրենիով ելույթը թարգմանաբար ներկայացնում էր դուստրը՝ ՀՀ ազգային ակադեմիայի գիտաշխատող, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոեւը:

Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային քայլ է: Հետաքրքրվեցինք՝ որպես արվեստագետ, որեւէ բան արե՞լ է այս ուղղությամբ: «Ասորիների՝ որպես աշխարհի հնագույն դասական ազգ, ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս: Օրինակը Իրաքում իսլամիստների կողմից հերթական վանդալիզմն էր եւ մշակութային արժեքների ոչնչացումը: Այս թեման անհանգստացնում է ոչ միայն Չիկագոյի ասորական, այլեւ շուրջ 5000 հոգանոց հայկական համայնքին, ինչպես նաեւ բոլոր այն ազգերին, որոնք գիտեն, թե ինչ են ցեղասպանությունն ու մշակութային կորուստները»,- հայտնեց Ռազմիկ Խոսրոեւը:

Նա նաեւ հավելեց. «Այս հուշահամալիրի ներկայությունը միավորել էր Չիկագոյի բոլոր քրիստոնյա ազգերին: Ինչպես իր խոսքում նշեց ազգությամբ ասորի, բարերար դոկտոր Նորմանը՝ կանխեք պատերազմները, մեծ հաշվով յուրաքանչյուր պատերազմ ցեղասպանություն է, անկախ այն բանից, թե ինչ լուրջ գաղափարի, հավատքի համար է դա արվում: Մարդուց ավելի բարձր գաղափար չկա եւ չի կարող լինել»:

Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցչից հետաքրքրվեցինք Հայաստանում ապրող շուրջ 3000 հոգանոց համայնքի կրթամշակութային ծրագրերից: «Հայաստանում մեր համայնքը ստեղծվել է ռուս-պարսկական պատերազմի ժամանակ: Մեր մեծերը պատմում էին, որ Պարսկաստանից Գրիբոյեդովի դին քրիստոնյա ասորիներն են տեղափոխել Թիֆլիս եւ դրանից հետո միայն ասորիները իրավունք են ստացել բնակություն հաստատել Կովկասում: Իսկ Պուշկինն իր հուշերում գրում է, որ երբ Գարգառ գյուղում (Լոռու մարզ) հանդիպում է Գրիբոյեդովի դին ուղեկցողներին, նշում է, որ ուղեկցում էին քրիստոնյաներ, որովհետեւ ասորիներին մինչ օրս էլ արեւելյան երկրներում անվանում են քրիստոնյա…»,- ասաց մեր զրուցակիցը:

Չիկագոյում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության հուշահամալիրը:

Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում ոչ միայն ասորի, այլեւ մյուս ազգային փոքրամասնությունների կրթամշակութային գործունեությամբ. «Մեր հանրապետության 11 ազգային փոքրամասնությունները որեւէ քաղաքական խնդիր չունեն, ունենք միայն կրթամշակութային խնդիր, ինչը գտնվում է ՀՀ կառավարության ամենօրյա ուշադրության ներքո: Ոմանք ունեն իրենց մայրենի լեզվով ռադիոհաղորդումների խնդիր, այդ թվում՝ ասորիները: Ինչ վերաբերում է Հանրային հեռուստատեսությանը, դեռ այն չի անդրադառնում ազգային փոքրամասնությունների մշակութային խնդիրներին: Ես, որ համակարգում եմ ազգային փոքրամասնությունների մշակույթը, պետք է բարձրաձայնեմ, փոքրամասնությունների մշակույթը դեռեւս մասը չէ հայաստանյան մշակույթի: Այդուհանդերձ, հնարավորինս փորձում ենք կազմակերպել, ասենք, տեղական ազգային էթնիկ մշակութային փառատոներ, որն, ինչ խոսք, դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է պետական աջակցություն ազգային փոքրամասնությունների կրթամշակութային համակարգը կայունացնելու համար»:

Պարոն Խոսրոեւը նաեւ տեղեկացրեց, որ 1997թ.-ից Հայաստանի ասորաբնակ որոշ համայնքներում (Դվին, Դիմիտրով, Արզնի եւ այլն) ասորերենը դասավանդվում է հանրակրթական դպրոցներում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Ռազմիկ եւ Անահիտ Խոսրոեւները՝ հուշահամալիրի բացման ժամանակ:

«Առավոտ»

04.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել