Մեր հեռուստատեսությամբ չես տեսնի նույնիսկ մեկ հաղորդում, որտեղ գովերգվի բազմազավակությունը: Մեր հասարակության հայտնի մարդիկ, լինեն դրանք երգիչներ, թե դերասաններ, կամ ամուսնացած չեն, կամ էլ լավագույն դեպքում ունեն 1-2 երեխա: Մենք ուզում ենք մի բան, բայց քարոզում ենք այլ բան: Սա պիտի փոխվի: Սա փողի ու երկրի մեջ ապագա տեսնել- չտեսնելու հետ կապ չունի:
Երբ խոսում ենք Հայաստանում ծնելիությունն ավելացնելու մասին, առաջին երկու բաները, որ գալիս են մարդու մտքին, դրանք ֆինանսական աջակցությունն ու երկրի մեջ ապագա տեսնելու մտքերն են: Նոր կառավարության ջանքերի շնորհիվ տնտեսական աճի եւ արտահանման թվերը շտկվում են եւ դա լավ է: Պահեք դա մի 5-6 տարի, եւ մարդիկ կսկսեն արդեն ռեալ տարբերություն զգալ իրենց կյանքի որակի մեջ: Սա կօգնի երկրի մեջ ապագա տեսնելու հարցի մասով: Հայաստանի Հանրապետությունը նաեւ նպաստի ձեւով է քաջալերում ծնելիությունը: Չգիտեմ սրանք ինչ արդյունքներ են տվել: Եթե նպաստներն ու ֆինանսական աջակցությունն ավելացվի, հավատում եմ, որ սա էլ լավ ազդեցություն կունենա ծնելիության աճի վրա: Բայց սա կախված է երկրի տնտեսական հնարավորություններից ու մի օրվա կամ մեկ տարվա մեջ կտրուկ չի լավանալու: Բայց կա մի բան, որ մենք կարող ենք փոխել հենց այսօր, սկսած այս շաբաթից, հենց այս ամիս:
Հեռուստատեսություն
եւ մամուլ
Նայեք՝ ինչ են ցույց տալիս հեռուստատեսությամբ ու ինչի մասին են գրում մամուլում: Գովազդի մեծամասնությունը խաղամոլության մասին է: Բազմազավակ ընտանիքի մասին չկա մի հաղորդում, որի մասին բոլորը խոսեն: Մեր սերիալները տափակ են, անորակ ու վայրենի: Մենք թույն ենք թափում մեր ժողովրդի վրա: Ու դուք ուզում եք այս վիճակում ամուսիններն ուզենան մեկից ավելի երեխաներ ունենա՞լ: Անհնար է: Նայեցեք, օրինակ, «Հոսանքին հակառակ» նոր սերիալը: Ես, որ գրեթե հեռուստացույց չեմ դիտում, միամտորեն որոշեցի դիտել, ոգեւորված այն հանգամանքից, որ թե ռեժիսորը եւ թե դերասանական կազմը «Կյանք ու Կռիվ» ֆիլմինն էր հիմնականում: Բայց այստեղ ավելի շատ մարմնական չբավարարված ցանկությունների կարոտ կա, քան թե մի որեւէ լուրջ բան: Ժողովրդին նման բաներ ցույց տալով՝ ծնելիություն չի ավելանա, թեկուզ մարդկանց 5,000 դոլար տաս: Այ, օրինակ, ինչու այնպիսի ֆիլմ չնկարահանել, որտեղ գլխավոր հերոսներն ունեն, ասենք՝ 4 երեխա: Ինչու չնկարել այնպիսի ֆիլմերի մի շարան, որտեղ հերոսներն անցնում են կյանքի դժվարությունների միջով, բայց ուրախանում այն բոլոր օրհնություններով, որ իրենց կյանքում բերում են իրենց երեխաները: Հա, թող էլի գլխավոր հերոսը լինի ոստիկան, բայց ոչ թե բաժանված ընտանիք, այլ նորմալ կին, մի 3-4 երեխա: Թող երեխաները նրան փաթաթվեն, սիրեն, միասին ընթրեն, երբ նա աշխատանքից վերադառնա տուն:
Ամեն ալիքով եթե մենք գոնե մի այսպիսի սերիալ ունենանք, ամեն ինչ շատ արագ կփոխվի: Մարդիկ կտեսնեն՝ ինչ գեղեցիկ բան է շատ երեխաներ ունենալը: Այո, երեխաները քրտինքով են դաստիարակվում ու մեծանում: Բայց մի՞թե աշխարհում ամեն բան այդպես չէ: Հիմա նույնիսկ բարեկեցիկ կյանքով ապրողները ջանք չեն անում շատ երեխաներ ունենալ, որովհետեւ հավես չունեն, ավելի շատ ժամանակ իրենց համար կանցկացնեն, քան թե երեխա մեծացնեն ու սիրեն: Մենք եսասեր ու էգոիստ ենք դարձել, ու հեռուստատեսությունն ու մամուլը օր օրի ավելի են նպաստում այս բանին: Փոխեք հերոսներին, փոխեք հաղորդումների ուղղվածությունը, փոխեք հաղորդումների հյուրերին ու ժողովուրդը կսկսի խոսել այլ բաների մասին՝ ընտանիքի, սիրո ու բազմազավակության մասին: Ու հղիությունները շատ արագ կավելանան ընտանիքներում: Դրանից հետո դուք ավելի շատ հղի կանայք կտեսնեք ձեր շրջապատում ու դա օրհնություն է եւ այդ ընտանիքների համար, եւ մեր ազգի համար: Հիմա կասեք պետությունը չի կարող ժողովրդավարության պայմաններում հեռուստատեսություններին հրահանգել, թե ինչ նկարեն կամ ինչ ցույց տան: Չգիտեմ: Այս մասին պիտի կառավարությունը մտածի ու բոլոր անհատ մարդիկ մտածեն, իրար քաջալերեն ու այս հարցերը բարձրաձայնեն: Բայց կառավարությունն, օրինակ, կարող է փոխել լիցենզիա տալու կանոնները, ու պահանջել, որ հանրապետությունում գործող ցանկացած հեռուստաալիք շաբաթական 3-4 հաղորդում ունենա, ուր ինչ-որ կերպով կցուցադրվի կամ կքաջալերվի բազմազավակությունը, մեծ ընտանիքը, երեխաներ ունենալը եւ ավանդական ընտանեկան արժեքները: Դրանից հետո ժողովուրդը կսկսի ավելի ու ավելի խոսել այս բաների մասին ու հանկարծ շատ երեխաներ ունենալը կդառնա մոդայիկ: Ու դա լավ է: Դա բարի է:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ»
04.10.2017