Հոկտեմբերի 4-ին սահմանամերձ Բերդ քաղաքում անձրեւային եղանակ էր: Սակայն քաղաքի մի հատվածում լուսավոր մթնոլորտ էր: Ուրախ էին քաղաքի փոքրիկ բնակիչները, նրանց ծնողները, նախադպրոցական հաստատության աշխատակիցները, հանդիսավոր միջոցառման մասնակիցները: Վերանորոգման նպատակով 2017թ. մայիսի 1-ից փակված Բերդի թիվ 3 մսուր-մանկապարտեզը հանդիսավոր բացվեց: Համայնքային ենթակայության մսուր-մանկապարտեզը վերանորոգվել է Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ եւ Բերդի քաղաքապետարանի աջակցությամբ:
Վերանորոգվել են մսուր-մանկապարտեզի խմբասենյակները, սանհանգույցները, խոհանոցը, դահլիճը: Մսուր-մանկապարտեզը ունեցավ ճաշարան, որը նախկինում չկար: Նորոգված մսուր-մանկապարտեզի դահլիճում կայացավ հանդիսավոր միջոցառում: Տեր Արամ քահանա Միրզոյանը կատարեց տնօրհնեքի արարողություն: Հոգեւոր հովիվը նշեց, որ Բերդ քաղաքի նախադպրոցական հաստատություններում լավագույն պայմաններն են ստեղծված մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության համար: Թիվ 3 մսուր-մանկապարտեզի տնօրեն Լուսինե Ավալյանը, ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի տնօրեն Լուսինե Գրիգորյանը, ՀՕՖ-ի հայաստանյան կառույցի ղեկավար Բագրատ Սարգսյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, մանկապարտեզի սանի ծնող Լիլիթ Մեջլումյանն իրենց ելույթներում արժանին մատուցեցին ԱՄՆ-ից ամուսիններ Ժանետ եւ Էդուարդ Մարտիկյաններին, ում բարեգործության շնորհիվ Բերդի թիվ 3 մսուր-մանկապարտեզը նորոգվեց: Լուսինե Գրիգորյանը նշեց, որ այդ բարեգործ այդ ընտանիքի շնորհիվ 2013 թվականից Բերդի տարածաշրջանում բազում ծրագրեր են կյանքի կոչվել, եւս 5 տարի սահմանամերձ տարածաշրջանում բարեգործական ծրագրեր կիրականացվեն:
Շնորհակալության արժանացավ նաեւ թիվ 3 մսուր-մանկապարտեզը նորոգած Վանաձորի «Կանակա» շինարարական կազմակերպությանը, որը ոչ միայն ծրագրով նախատեսված աշխատանքներն է կատարել, այլ նաեւ՝ իր եկամուտների հաշվին հավելյալ շինարարական աշխատանքներ: ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բագրատ Սարգսյանը նշեց,որ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը ստացավ կերպով աջակցել է ծրագրի իրականացմանը: Թիվ 3 մսուր- մանկապարտեզի տնօրեն Լ. Ավալյանը հայտնեց, որ Բերդի քաղաքապետարանի աջակցությամբ է մսուր-մանկապարտեզում ջեռուցման համակարգ գործարկվել, նա Բերդի քաղաքապետին շնորհակալագիր հանձնեց:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան, իրենց թոթովախոս լեզվով մանկապարտեզի նորոգման համար երախտագիտություն հայտնեցին նախադպրոցական հաստատության սաները, Բերդի մշակույթի տան պարի խմբի պարուհիները հանդես եկան գեղեցիկ պարով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ