Սեպտեմբերի 2-ից ռուսական «НТВ» հեռուստաընկերությամբ մեկնարկած «Դու սուպեր ես․ պարեր» նախագծին (նախագծի նպատակն է հնարավորություն տալ ծնողական խնամքից զրկված, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին առաջին քայլերն անել պարաշխարհում), Հայաստանից մասնակցում են Գյումրու «Թռչունյանց տուն» մանկատան երկու սաներ՝ 16-ամյա Աստղիկ Մխիթարյանն ու 17-ամյա Դավիթ Այվազյանը։ Նրանք արդեն անցել են երկրորդ փուլ՝ շարունակելով պայքարը։ Աստղիկի ու Դավիթի վերջին ելույթը, որն այս պահի դրությամբ՝ չորս օրվա ընթացքում 9․480 դիտում է ունեցել «Յութուբ» սոցիալական ցանցում, «НТВ»- հեռուստաընկերության կողմից վերնագրված է․«Ուղղակի կրակ․ Հայաստանից Դավիթն ու Աստղիկն իրենց պարով, որտեղ զուգակցված են կիրքն ու քնքշությունը, ցնծեցին բոլորին»։
Գյումրու «Թռչունյաց տուն» մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանը Aravot.am-ին պատմեց․ «НТВ հեռուստաալիքը «Սպուտնիկ» ռադիո-լրատվական գործակալության միջոցով է փնտրում երեխաներին ու հայտնաբերում (այս նախագիծը «НТВ»-ն իրականացնում է «Սպուտնիկի» հետ համատեղ, և այս լրատվամիջոցը մանրամասնորեն լուսաբանում է մրցույթը Ա․Ն․)։ Մեզ կոնկրետ դիմել են «Սպուտնիկի» հայաստանյան գրասենյակից, հետաքրքրվեցին՝ պարողներ ունե՞ք, երկու հոգու մրցույթ ենք ուղարկելու, ասացինք, որ պարի խումբ ունեք, խմբից երկու հոգու առանձնացրեցինք։ Մեր երկու երեխաների պարը նկարահանեցին ու տեսագրությունը ուղարկեցին Մոսկվա։ Այնուհետ մեր հետ Մոսկվայից կապվեցին «НТВ» հեռուստաընկերության մասնագետներն ու ասացին՝ թող երեխեքը պարեն, դուք «սկայպը» միացրեք, նայենք։
Նայեցին ու ասին՝ մենք ձեզ կպատասխանենք։ Հայաստանից ընտրել էին մեր երկու երեխաներին, զանգահարեցին, թե օգոստոսի 1-ի համար տոմս ենք գնել, երեխեքին շուտ ուղարկեք Մոսկվա։ Նախքան Մոսկվա ճանապարհելը, «Սպուտնիկից» եկան, ֆիլմ նկարահանեցին երեխաների առօրյայի մասին, հարցազրույց վերցրեցին թե՛ երեխաներից, թե՛ ինձանից։ Դավիթը նաև լավ երգում է, Աստղիկն էլ դաշնամուր է նվագում, նա ևս ուզում է թատերական ինստիտուտ ընդունվել։ Մոսկվա մեկնելուց առաջ էլ ասուլիս տվեցինք «Սպուտնիկ» ռադիոկայանի շենքում, որին մասնակցում էին բոլոր լրատվամիջոցները։
Մեր երեխաների հետ Մոսկվայում խորեոգրաֆ է աշխատել, ճիշտ է մեր շալախոն շատ էին կրճատել, որովհետև մրցույթում սահմանված ժամաքանակ կա, որ չպիտի անցնի, բայց պարը ստացվել էր, ինչքան հետևում եմ, մեր երեխաների շալախոն մեծ տպավորություն է թողել։ Ասեմ, որ մեր տղան՝ Դավիթը սովորում է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում, անվճար էլ ընդունվել է, իսկ աղջիկը՝ Աստղիկը դպրոցական է։ Մեր Աստղիկը դասերից հետ չմնալու համար Մոսկվայում է հաճախում դասի, դասագրքերն էլ ուղարկել ենք, Դավիթին էլ բուհի ղեկավարությունից թույլտվություն ենք խնդրել, որ մասնակցի մրցույթի։ Վստահ եմ, որ մեր սաները հաղթանակ են տանելու, շատ սիրուն են պարում», -ասաց տնօրենը։
Այս ծրագրին մասնակցում են 140 պատանիներ 10 երկրներից։
https://www.youtube.com/watch?v=dkagZQb3rz8
Դավիթի ու Աստղիկի կյանքի պատմությունը դիտեք այս տեսանյութում՝
https://www.youtube.com/watch?v=Ta7QyZLAn0M
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի
վախ վախ վախ…Ով մեզ քցեց էս օրը, ես իրա տիրոջ մորը…..