Մոսկվան պաշտպանում է Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին ՏԱՍՍ–ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։
«Ընտրությունները տեղի կունենան երկուշաբթի, ամենայն հավանականությամբ կլինի մի քանի փուլ։ Մեզ համար առաջնահերթ է մնում Ադրբեջանը, իսկ հետո կողմնորոշվենք ըստ իրավիճակի »,- ասել է նա։
Գատիլովը նաև նշել է, որ իրենք այդ հարցում կանխակալ չեն։ «Մենք գրեթե բոլորի հետ հանդիպել ենք։ Նրանք բոլորն էլ եղել են Մոսկվայում»,- ասել է նա։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան, որը պաշտոնավարում է երկրորդ ժամկետով, կհեռանա այս տարի։ Հիշեցնենք, որ նրա անունը շոշափվում էր «Ադրբեջանական լվացքատան» սկանդալում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են Ադրբեջանի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի, Կատարի, Չինաստանի, Վիետնամի, Ֆրանսիայի ներկայացուցիչները։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ