Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Լեհաստանի հետ հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախախաղային մամուլի ասուլիսում հանդիպեց լրագրողների հետ:
Պատասխանելով բազմաթիվ հարցերին՝ Մխիթարյանն ասել է. «Միշտ էլ հավաքական գալիս եմ շատ բարձր տրամադրությամբ: Պատրաստվել ենք հնարավորինս լավ: Կարծում եմ՝ դա վաղը կստացվի…Ընտրական փուլի դեռ չի ավարտվել: Դեռ երկու խաղ կա: Ճիշտ է, արդեն հաջորդ փուլ անցնելու հնարավորություն չունենք, բայց պետք է փորձենք մնացած խաղերը ամենաբարձր մակարդակով անցկացնել: Խաղալու ենք մեր ազգի եւ մեր պատվի համար… Ես տարբերություն չեմ դնում թիմի («Մանչեսթեր Յունայթեդի») եւ հավաքականի միջեւ:
Երկու տեղում էլ փորձում եմ առավելագույնս նվիրվել:Երկրպագուներ կան, որ դժգոհում են, դա իրենց կարծիքն է: Եթե «Մանչեսթերում» փորձում եմ խաղն ավելի շատ ինձ վրա վերցնել, հավաքականում փորձում եմ ավելի շատ թիմակիցներին օգնել, որպեսզի թիմային խաղ ստացվի, այլ ոչ թե գամ ու ցույց տամ, թե ինչի եմ ունակ», – ասաց Հենրիխ Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ffa.am-ի