Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած հանդիպումից հետո ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական հանդիպում-քննարկում է ունեցել փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ, որի ժամանակ մտքեր են փոխանակվել ճոպանուղիների կառուցման գործընթացի, ինչպես նաև դրանց հետագա գործարկման ու շահագործման վերաբերյալ:
Ներկայացնելով ընկերության գործունեությունը՝ Վալերի Յաշինը նշել է, որ 1883թ. հիմնադրված ընկերության կողմից աշխարհի ավելի քան 2700 քաղաքներում կառուցել է 14600 ճոպանուղի: «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավարը նաև հատկանշել է, որ ճոպանուղու երթերի ճիշտ ուղղության ընտրությունը դեպի ճոպանուղի կներգրավի զբոսաշրջային հոսքեր: Միաժամանակ, հաշվի առնելով Երևանի տեղանքը և ճանապարհային խցանումները, նոր ճոպանուղու կառուցումը, մասնագետների հավաստմամբ, կարող է նաև որոշակի արդյունավետ լուծումներ ապահովել ինչպես տրանսպորտային փոխադրումերի, այնպես էլ խիտ երթևեկության բեռնաթափման գործում:
Բարձր գնահատելով միջազգային ընկերության բազմամյա փորձն ու Երևանում նոր ճոպանուղի կառուցելու հարցում ցուցաբերած հետաքրքրությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն իր հերթին նշել է, որ սա իսկապես կարևոր ներդրում և լուծում կարող է լինել մայրաքաղաքի օրեցօր մեծացող տրանսպորտային հոսքերի բեռնաթափման առումով:
«Նոր ճոպանողու կառուցման ծրագիրը մենք դիտարկում ենք որպես մասնավոր ներդրումների ներգրավմամբ իրականացվելիք ծրագիր, ինչը, համոզված ենք, մայրաքաղաքում վերականգնելով տրանսպորտային այս տեսակի շահագործումը, իր հերթին կարևոր նշանակություն կունենա միանգամից մի քանի ոլորտների համար: Ըստ այդմ, նաև կարող ենք վստահեցնել, որ մենք բաց և պատրաստակամ ենք համակողմանիորեն քննարկելու երկուստեք փոխշահավետ համագործակցության բոլոր հնարավորությունները», – նշել է Վահե Նիկոյանը:
Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս վերահաստատվել է առաջիկայում համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի շրջանակում էլ կիրականացվի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների և տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն:
Երևանի քաղաքապետարան