Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Լեհաստան խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը լրատվամիջոցներին հայտարարել է, թե բոլորն էլ գիտեն խնդիրները: Մարզիչը նշել է, որ բացակա ֆուտբոլիստներ կան եւ այդ բացը պետք է աշխատեն լրացնել, իսկ այն տղաները, որոնք խաղալու շանս կստանան, կփորձեն լավ խաղ ցուցադրել եւ օգնել թիմին:
«Տղաներին մոտիվացնելու կարիք չկա, մենք շատ հաղթանակներ չենք տոնում, ամեն մի հաղթանակ մեզ համար դրական էմոցիաներ է ու մեկ քայլ առաջ: Ֆուտբոլիստները հասկանում են, թե ինչ է մեզ համար դա նշանակում, մենք կարոտ ենք հաղթանակների», – ասել է մարզիչը:
Խոսելով Լեհաստանի հավաքականի առաջատար Ռոբերտ Լեւանդովսկուն չեզոքացնելու մասին՝ մարզիչը նշել է, որ նրան պահելը շատ դժվար է լինելու: Պետք է փոխօգնությունը աշխատի:
«Եթե լեհերի ուժեղ թիմին հաղթենք, հայկական ֆուտբոլի համար մեծ հաջողություն կլինի, վերջին տասը տարիներին նրանք այսպիսի ուժեղ թիմ չեն ունեցել», -ասել է Արթուր Պետրոսյանը եւ ավելացրել, որ իրեն հիմա ավելի շատ վերջին երկու խաղերն են հետաքրքրում եւ դրանցից հետո միայն կորոշի հավաքականում մնալու հեռանկարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ffa.am-ի